Տո ջհանդամին փակեք. մեր մոտ ծիրանը կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը երեկ վստահեցրել է, որ ակտիվ քարոզարշավ է իրականացնում։ Հարցին՝ քարոզարշավ անո՞ւմ է, թե՞ լվացել է ձեռքերը, քանի որ անցողիկ տեղում չէ, պատգամավորը պատասխանել է. «Ի՞նչ լվալ, ես բոլոր տեղերով՝ մարզերով, տեղական բաներով անցնում եմ, ու էդ աշխատանքները կատարում ենք»։ Դիտարկմանը, թե կուսակիցների պես ուղիղ եթերներ չի մտնում՝ առաջնորդին աշխատանքը ցույց տալու համար, նա նշել է, որ ուղիղ եթերներ մտել է 2008-ից մինչև 2014 թվականը, իսկ այժմ առանց դրա էլ կարողանում է գործունեություն ծավալել։ Մելքոնյանը հայտնել է, որ վերջերս մարզպետի հետ եղել է Գեղարքունիքի բոլոր գյուղերում, հանդիպել է ժողովրդի հետ, արձանագրել նրանց խնդիրները, նույն ձևով այցելել է Արմավիրի մարզ, իսկ առաջիկայում մեկնելու է Կապան։ Նա հավելել է, որ իր տպավորությունը հիասթափեցնող է ընդդիմության համար. եթե մինչև քարոզարշավը կողմնակից էր 50+1-ի տարբերակին, ապա այժմ վստահ է 60+1-ի հարցում։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Հարցին, թե այդքան մեծ վստահության դեպքում ինչո՞ւ է իրենց առաջնորդն այդքան նյարդային, հարձակվում քննադատողների վրա, բանտարկության սպառնալիքներ հնչեցնում և դժգոհում, թե ինչու են ողջ մնացել, պատգամավորը արձագանքել է. «Մեր լրագրողների հետ ով էլ կարողանա մի օր յոլա տանել, երկրորդ օրը կդառնա հիստերիկ էլ, հոգեկան հիվանդ էլ, ամեն ինչ էլ»։ Լրագրողի ճշտմանը, որ խոսքը ոչ թե լրագրողների, այլ ժողովրդի մասին է, Մելքոնյանն ասել է, որ ժողովուրդը շատ լավ է ընդունում, իսկ դժգոհությունն արտահայտում են իշխանությունից դժգոհ մարդիկ։ Անդրադառնալով հարցին՝ նորմա՞լ է արդյոք դժգոհ մարդկանց ոչնչացմամբ սպառնալը կամ երեսով տալը, որ չեն զոհվել, և արդյոք ինքն էլ է այդպես վարվում քննադատների հետ, Մելքոնյանը բացասական պատասխան է տվել՝ հավելելով. «Ուրեմն դա էն մարդկանց մասին է, ովքեր նմանատիպ հարցեր են բարձրացնում ու խաղում են մարդու ներվային համակարգի հետ։ Էդ ամեն ինչին կարելի է հանգիստ նայել, հանգիստ խոսել, էս ամբողջ քարոզարշավի ընթացքում 12 տոկոս մարդ կարող է լինի, որոնց սովորեցրել են ու ուղարկել, որ սադրեն»։ Հարցին, թե ընդամենը 12 տոկոսի դեպքում ինչո՞ւ է պետության ղեկավարը նման անհավասարակշիռ պահվածք դրսեւորում, նա նշել է, որ սադրողները ստանում են համապատասխան պատասխան, իսկ լրագրողը մեջբերում է կոնկրետ բառեր՝ առանց դրանց պատճառն ասելու։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից արտահանման արգելքներին և հարցին, թե արդյոք ռուսները խոչընդոտներ են ստեղծում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի հաղթանակի համար, Մելքոնյանը նշել է, որ դա արվում է Ռոբերտ Քոչարյանի համար, քանի որ Սամվել Կարապետյանը ՀՀ քաղաքացի չէ և պատգամավոր կամ վարչապետ դառնալու իրավունք չունի։ Լրագրողի դիտարկմանը, թե Կարապետյանի կուսակցությունը հայտարարել է հաղթանակի դեպքում Սահմանադրությունը փոխելու մասին, պատգամավորն արձագանքել է. «Ներողություն, բայց ամբողջ Ռուսաստանը լծվել է Քոչարյանի կառքին, 4 սպիտակ ձիով քաշում են, ճամփեք ա փակում, էս ա անում։ Բայց Ռուսաստանում եթե խելացի դիվանագետներ լինեին, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ այստեղ էժանացնեին, բերեին ժողովրդին ցույց տային, որ մենք ձեր ախպերներն ենք, գազը 380-ով էինք տալիս, հիմի դարձնում ենք 250, նավթ ուղարկեր մի քանի ցիստեռ էժան, որն Ադրբեջանն է ուղարկում»։ Ըստ նրա՝ դա պետք է արվեր, որպեսզի ժողովուրդը հասկանար, որ ռուսն իր բարեկամն է, ինչպես նաև էժանացվեին ինքնաթիռների տոմսերը։ Դիտարկմանը, որ ժողովուրդը ոչ թե Ռուսաստանին է ընտրելու, այլ իրենց և ընդդիմությանը, Մելքոնյանն ասել է.
«Լսի, մենք Ռուսաստանի ֆորպոստ ենք եղել, հիմա ուզում ենք դրա տակից դուրս գալ։ 2020 թվականին մեր ժողովուրդը սկսեց ատել Ռուսաստանին, մինչեւ 2020 թվականը մեր ամբողջ անվտանգությունը կառուցել էինք ՌԴ-ի հիմքի վրա, ասում էինք ռուսները մեր փրկիչներն են, հենց ՌԴ դրոշը երեւաց Վարդենիսի վրա, ադրբեջանցիք կփախչեն մինչեւ Կիրովաբադ, բայց եղավ հակառակը ադրբեջանցիք հայտնվեցին, ռուսները փախան»։ Նրա խոսքով՝ դրանից հետո ժողովուրդն ատեց նրանց, իսկ Ղարաբաղը հանձնելուց հետո, եթե Ռուսաստանն ամեն ինչ էժանացներ ու Լարսում խցանումներ չստեղծեր, ժողովուրդը կկարծեր, թե նրանք իրոք դաշնակիցներ են, որոնք փոշմանել են իրենց արածների համար։ Սակայն, ըստ նրա, ամեն ինչ փակեցին, ինչից երկու կողմերն էլ տուժում են. «Հիմա ծիրանի սեզոն է գալիս, թե բա՝ ծիրանն էլ կփակենք, տո ջհանդամին փակեք, ձեր արեւին փակեք։ Մեր մոտ ծիրանը կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք»։
Լրագրողի դիտարկմանը, որ ծիրան մշակողները կլացեն էժան գնի պատճառով և ինքնարժեքը չեն հանի, պատգամավորը պատասխանել է, որ եթե իրենց երկիր չեն ընդունում, իրենք արդեն ուրիշ երկրի հետ են պայմանավորվում, ուր կտանեն ծիրանը, երբ ամեն ինչ հանգուցալուծվի, սակայն չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը։ Նա նշել է, որ Ռուսաստանն այս փակումներով ուզում է աջակցել ընդդիմությանը, և հիշեցրել է Քոչարյանի խոսքերը, թե 44-օրյա պատերազմի մեղավորը Հայաստանն է։ Լրագրողի հակադարձմանը, որ պատերազմի շրջանում Հայաստանն իրենք են ղեկավարել, այլ ոչ թե Ռուսաստանը, Մելքոնյանն ասել է. «44-օրյա պատերազմը եղել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի եւ իսրայելական տեխնիկայի շնորհիվ։ Սրանք պադդերժկա են անում Քոչարյանին, որ նորից գա, ու սկսվի ռուսական հետողորմյա, 90 միլիոնով ինքը մոտ 5 մլրդ-ի ապրանք տվեց Ռուսաստանին»։
Լրագրողի դիտարկմանը, թե իրենք էլ առանց գումարի Ադրբեջանին Արցախ տվեցին, իսկ Պուտինն այսօր շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի ծնունդը, ինչը կարող է դիտվել որպես աջակցություն իրենց, Մելքոնյանը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանն էլ իր ծնունդն է շնորհավորել, դա ի՞նչ ասելու բան է, այսինքն, որ փակում են ճանապարհները, ոչ մի ապրանք չեն թողնում մտնի, դա մեծ աջակցությո՞ւն է մեզ»։
Հարցին, թե արդյոք դա իրենց արտաքին քաղաքականության հետևանքը չէ, երբ մի կողմից ԵԱՏՄ կազմում են, մյուս կողմից՝ «խաղեր են տալիս» ԵՄ-ի հետ, պատգամավորը հերքել է՝ նշելով, որ իրենց արտաքին քաղաքականությունը մինչ օրս նման հաջողություն չի ունեցել, երբ ԱՄՆ պետքարտուղարը Հնդկաստանից 4 ժամով գալիս է Հայաստան, պայմանագրեր ստորագրում ու գնում, կամ ԱՄՆ նախագահը զանգահարում է Հանրապետության օրվա առթիվ և Փաշինյանին անվանում մեծ բարեկամ։ Լրագրողի հարցին, թե դա ինչ է տալիս, երբ տնտեսությունը վարի է գնում և արտահանումը կանգնած է, Մելքոնյանը պատասխանել է. «Մենք կարող ենք մի տարի էլ ծիրանով ապրել, կուշտ կուտենք` թող չտանեն, մի տարուց հետո կտեսնեք, որ Ռուսաստանը կխնդրի, որ իրա երկիր ծիրան տանենք, պոմիդոր ու հատկապես՝ վարունգ․ վարունգի առաջարկը շատ է»։ Իսկ հարցին, թե հունիսի 8-ից հետո այդ ամենը կդադարի՞, նա նշել է, որ պարտվելուց հետո ընդդիմությունը նոր պայքար է սկսելու, քանի որ Ռուսաստանն արդեն մեսիջներ է ուղարկել հետընտրական պայքարի պատրաստվելու մասին։ «Ես չեմ էլ ուզում կարդամ, թող իրանց մուրազը փորները մնա»,- եզրափակել է Մելքոնյանը։