Զգուշացնող հայտարարություն Ադրբեջանից. անդրադարձ Սամվել Կարապետյանի ծրագրին
Հայկական ծագումով ռուսաստանցի օլիգարխ և միաժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը շարունակում է հայաստանյան ընտրություններում «ղարաբաղյան խաղաքարտը» կիրառելու փորձերը։ Ինչպես հուզմունքով հայտնում են նրա կողմնակիցները, Կարապետյանը հանդիպել է «ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների» մի խմբի հետ, որոնց թվում եղել են «ԼՂՀ նախկին պետնախարար» Արտակ Բեգլարյանը, «խորհրդարանի էքս-խոսնակ» Աշոտ Ղուլյանը և այլք: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Սամվել Կարապետյանը կարծես թե չի հնչեցրել «Արցախի վերադարձի համար պայքարելու» ուղղակի խոստումներ։ Նա դատողություններ է արել արցախյան մշակույթը պահպանելու, ինչպես նաև Հայաստանում ղարաբաղցիների արժանապատիվ բնակության պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում Կարապետյանը մտադիր է նաև հնարավորինս սեղմ վերջնաժամկետներում հասնել Ադրբեջանից գերիների վերադարձին. «Բաքվի բանտում իմ ընկերներն են, և նրանց վերադարձի հարցը պետք է լինի առաջնահերթությունների թվում»։ Եվ միաժամանակ խոստացել է արդեն Հայաստանում ստեղծել «իր փոքրիկ Արցախը»։
Թվում է, թե ամեն ինչ բարեպատեհ է։ Բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է՝ խոսքը Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների թեման վերակենդանացնելու մշտական փորձերի մասին է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այո՛, Կարապետյանը չի խոստանում հաջորդ առավոտյան զորքեր ուղրակել, բայց նա արդեն սպառնացել էր «Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծել»։ Եվ, երևում է, սկսել է գործել՝ չսպասելով ընտրություններում իր հաղթանակին։
Ավելին, շատ բանի մասին է խոսում նաև տերմինի ընտրությունը՝ «բռնի տեղահանվածներ»։ Այսպես, հիշեցնենք, անվանում էին Հայաստանի կողմից «օկուպացված» Ադրբեջանի շրջանների բնակիչներին, ովքեր ստիպված էին եղել փախչել՝ փրկվելով «էթնիկ զտումներից»։ Սա միջազգային տերմին է։ Փախստական համարվելու համար պետք է հատել սահմանը, իսկ այն մարդիկ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, բայց մնացել են իրենց երկրի տարածքում, անվանվում են բռնի տեղահանվածներ։ Բայց ինչպե՞ս են «բռնի տեղահանվածներ» հայտնվել Աշոտ Ղուլյանը, Արտակ Բեգլարյանը և այլք։ Կարապետյանի շրջապատում Ղարաբաղը նախկինի պես համարո՞ւմ են Հայաստանի տարածք։ Սա արդեն Ադրբեջանի նկատմամբ ոչ այնքան քողարկված տարածքային հավակնություններ են։ Մանր սադրանքների այսպիսի հաճելի մարտավարություն։
Իսկ սա արդեն ստիպում է հնչեցնել նաև միանգամայն տհաճ հարց. որքանո՞վ է մեծ վտանգը, որ ռևանշիստների իշխանության գալու դեպքում Բաքվի և Երևանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունները կձախողվեն։ Եվ առավել ևս կձախողվեն Պրահայի պայմանավորվածությունները, որտեղ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք։ Հենց Պրահայի բանակցությունների համար, հիշեցնենք, Հայաստանի ներկայիս վարչապետին «կտցահարում են» ոչ միայն երևանյան ռևանշիստները, այլև Ռուսաստանի որոշակի շրջանակների ներկայացուցիչները։
Անկեղծ ասած՝ «ստորագրել և չկատարելը» հայկական դիվանագիտության ավանդական քայլն է։ Բայց այս անգամ խնդրի գինը բազմապատիկ բարձր է։ Նախ՝ պայմանավորվածությունների նման ձախողումը մեծ ռիսկ է փչացնելու հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ։ Որքան էլ արևմտյան երկրները կիրառեն երկակի ստանդարտներ, ինչ-որ պահի այնտեղ էլ կարող է համբերության բաժակը լցվել։ Բայց ամենակարևորը՝ նման սադրանքներին արդեն կպատասխանի Ադրբեջանը։
Իսկ ահա այստեղ ավելի լավ է իրավիճակին նայել սթափ և առանց պատրանքների։ Այն մասին, որ «վատ խաղաղությանը» այլընտրանքը ամենևին էլ «լավագույն խաղաղությունը» չէ, այլ պատերազմը, դեռ իննսունականների վերջին զգուշացնում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Բացի այդ, ցանկացած պայմանավորվածության պահպանումը երկկողմանի երթևեկությամբ փողոց է. եթե Հայաստանը հրաժարվի ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա դա էապես կընդլայնի գործողությունների ազատությունն արդեն Ադրբեջանի համար։ Վերջապես, լարվածության մշտական հրահրումը մեծացնում է ուժային սցենարին անցնելու ռիսկը, իսկ այստեղ, ինչպես բազմիցս նշվել է, ուժերի դասավորությունը Հայաստանին լավ բան չի խոստանում։ Այնպես որ, այն խաղերի վտանգի մասին, որոնք ղարաբաղյան թեմայով նախաձեռնում է Սամվել Կարապետյանը, հայ ընտրողները պետք է մտածեն նախապես։