Wildberries-ի նոր կանոնները․ ինչ է փոխվում հայ վաճառողների համար
Էկոնոմիկայի նախարարության հայտարարության համաձայն՝ այսուհետ «Վայլդբերրիզ» հարթակով հայկական արտադրանքի վաճառքն իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծագման սերտիֆիկատ։
«Մեր ազգային օրենսդրության համաձայն, երբ երրորդ երկներից ապրանքը ներմուծվում է Հայաստան, ապա ՀՀ-ում վճարվում է և՛ մաքսատուրք, և՛ ԱԱՀ։ Եթե այդ ապրանքը վերաարտահանվում է, պետք է տնտեսվարողին ՀՀ-ն վերադարձնի ԱԱՀ-ն։ Վերջին շրջանում հայ ներկրողները Չինաստանից, այլ երկրներից ապրանքներ էին բերում, մաքսազերծում էին, վճարում էին ԱԱՀ-ն ՀՀ-ում, բայց վաճառքն իրականացնում էին ՌԴ-ում։ Մեր, ինչպես նաև ՌԴ օրենսդրությամբ, ԱԱՀ-ն վճարվում է այն երկրում, որտեղ այն իրացվում է։ Ստացում է, որ ՀՀ-ից ապրանքը գնում էր ՌԴ, այնտեղ ԱԱՀ չէին վճարում, դա վճարում էին Հայաստանում»,- Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի նման խնդիրներ չլինեն, հայկական ապրանքները կարողանան առանց խոչընդոտի ՌԴ-ում վաճառել, պարտադիր դրվեց ծագման սերտիֆիկատի ներկայացման պահանջը.
«Եթե ապրանքը Հայաստանում է արտադրվել, ապա արտահանման ժամանակ խնդիր չի առաջանա, բայց եթե ներկրվել է Չինաստանից, ապա ԱԱՀ-ն պետք է վճարվի արդեն ՌԴ-ում»։
Պարսյանը նշում է՝ ՀՀ-ն նույնպես կարող է հայելանման մոտեցում ցուցաբերել ռուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք «Վայլդբերրիզ»-ի միջոցով չինական, վիետնամական ապրանքներ են վաճառում ՀՀ-ում։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ հայկական արտադրողները չէին կարողանում «Վայլդբերրիզ»-ում վաճառք իրականացնել։
Տնտեսագետը հավելել է, որ վիճակագրություն չկա, թե այդ ընթացքում ինչ կորուստներ են կրել մեր տնտեսվարողները.
«Անշուշտ դա զգալի կորուստ էր, հատկապես տեղական արտադրողների համար, որոնք օնլայն ցանցերի միջոցով դուրս են գալիս ԵԱՏՄ շուկա, որը 180 միլիոնանոց շուկա է»։