Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է՝ կապված ընտրությունների հետ. Քոչարյան
Երբ նախաստորագրվեց խաղաղության հռչակագիրը, որը որևէ իրավական հիմք չունի, մենք խոսում էինք երաշխավորված խաղաղության մասին. Դա նշանակում է միջազգային երաշխիքներ և երաշխավորող պետություններ։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր մոտեցումը հետևյալն է. խաղաղությունը չի կարող կախված լինենլ մեկ մարդու բարի կամքից։ Ես սա ինձ համար անվանել եմ «հորս արև խաղաղություն»։ Սա չի կարող աշխատել։ Սա ցույց է տալիս նաև աշխարհի փորձը։
Երկու օրինակ. Մեկը Իսրայել–Պաղեստինը, մյուսը՝ Կիպրոսի փորձը։ Իսրայել–Պաղեստին հակամարտությունում 1993–ին Վաշինգտոնում Օսլոյի ակորդը ստորագրվեց և հայտարարվեց, որ խաղաղությանպրոցեսը մեկնարկում է։ Բավական հաջող էր մեկնարկը, բայց չեն եղել երաշխավորներ, իրական երաշխիքներ հողի վրա։ Ես 2000–ի հունվարին պաշտոնական այցով եղել եմ Իսրայելում. 2 գիշեր Երուսաղեմում, և մեկ գիշեր հենց Յասեր Արաֆաթի նստավայրում։ Սա այն ժամանակահատվածն էր, որ զգացնում էր, որ պրոբլեմները խորանում են, բայց խաղաղության հետ կապված հույսը կար։ 1.5 տարի հետո ամեն ինչ խառնվեց, և ի՞նչ ստացանք. Ուղղակի այրեցին Գազան, ավելի քան 70 հազար զոհեր, որից 2/3–ը կին ու երեխա։ Հիմնական պատճառն այն է, որ չեն եղել երաշխիքներ ու երաշխավորներ, բայց երեք հոգի ստացել են Նոբելյան Խաղաղության մրցանակ։
Հիմա մեզ մոտ էլ կան մրցանակներ, ու չկա որևէ երաշխավոր։
Երկրորդը Կիպրոսի օրինակն է. պատերազմը բռնկվեց 1974–ին, պատերազմը կանգնեցվեց, չկա խաղաղության պայմանագիր, բայց կան լրջագույն երաշխիքներ խաղաղություն հաստատելու համար։ Արդյունքում հողի վրա կա իրական խաղաղություն՝ առանց խաղաղության պայմանագրի։ Դա աշխատում է մինչ այսօր, մարդիկ իրար հետ շփվում են։ Մենք ուզում ենք, որ լինի և խաղաղության պայմանագիր, և երաշխիքներ»,–ասել է Քոչարյանը։
Դիտարկմանը, որ իշխանությունները նշում են, որ մինչև 2020 թվականը կար երաշխավոր, սակայն մենք կորցրեցինք Արցախը, երկրորդ նախագահն ասաց. «Նախ հիշենք, որ բացի Ռուսաստանից Արցախն ուներ ևս մեկ երաշխավոր՝ Հայաստանը։ Այդ երաշխավորը առաջինն է հրաժարվել իր այդ ֆունկցիայից։ Ինքը կողմ էր այդ բանակցային գործընթացի, երբ կանգնեցվեց պատերազմը և ստորագրվեց նոյեմբերի 9–ի հայտարարությունը։ Հենց Հայաստանն է հրաժարվել իր այդ ֆունկցիայից և մեղադրում է Ռուսաստանին։ Ինքը զրոյացրել է Ռուսաստանի դերակատարությունը որպես միջնորդ։ Ռուսաստանը երկու ֆունկցիա ուներ. Մեկը ինքը միջնորդ էր, երկրորդը, պատերազմը կանգնեցնելուց հետո դարձավ երաշխավոր։ Երբ Հայաստանը այդ ֆորմատից ինքն իրեն դուրս քաշեց, ամբողջ խաղաղության կոնստրուկցիան փլուզեց։
Երբ խոսում ենք երաշխավորությունից, ուզում ենք որ խաղաղությունը հարատև լինի։ Կարող են գալ ուրիշ ղեկավարներ և ասել՝ այս խոստումը ես չեմ տվել, սա բանավոր խոստում է, սա ոչինչ չի նշանակում, և զսպող մեխանիզմներ այստեղ չկան։ Ալիևի տրամադրությունը կփոխվի, թե ոչ, Ալիևն է լինելու, թե ոչ, և չկա որևէ փաստաթուղթ, որը կնշանակի, որ կան այլ պետություններ, որոնք որոշակի պատասխանատվություն այստեղ ստանձնել են»,–ասել է երկրորդ նախագահը։
Նա անդրադարձել է իրենց ուղղված մեղադրանքին, որ իրենք ռևանշիստներ են, չեն ուզում խաղաղություն. «Խաղաղության երաշխիքները նաև զսպում են կողմերին, երկու կողմին է դա վերաբերում։ Ալիևն ասում է՝ Սահմանադրությունը փոխեք, անկախության հռչակագրից այդ հղումը հանեք, որ մենք հասկանանք, որ նաև հայ ժողովուրդն է համաձայն այս ամենի հետ։ Իսկ հարց չի առաջանո՞ւմ, իսկ ինչի՞ Ալիևին պետք չեն երաշխիքներ։ Վաղը Նիկոլ Փաշինյանը չի լինելու։ Պետք չի այս պրոցսը դիտել այնպես, որ երաշխիքը միայն հայկական կողմին է պետք։ Եթե խոսում ենք հարատևելի խաղաղության մասին, այդ երաշխիքը պետք է և Հայաստանին, և Ադրբեջանին։
Ինձ համար պարզ է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի ուզում երաշխիքներ, որովհետեւ այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի անունը ուղիղ չի կապվելու խաղաղության հետ։ Ինքն ուզում է այնպիսի խաղաղություն, որ ժողովրդի ընկալումը լինի հետևյալը՝ եթե Նիկոլը չլինի, հաստատ պատերազմ է լինելու։ Իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապ չի ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ այլ անձի հետ»,– հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին՝ ովքեր ունեն այդ ներուժը և ցանկությունը, այս պարագայում ստանձնել այդ երաշխավորությունը, երկրորդ նախագահը պատասխանեց. «Ինչ քայլեր են արել այդ պետություններին ներգրավելու համար՝ զրո։ Նույնիսկ ԱՄՆ–ին չեն առաջարկել երաշխիքային համակարգ։ Իրենք չեն էլ փորձում քայլ անել այդ ուղղությամբ։ Եվ չեն փորձում մեկ պատճառով, որովհետեւ այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է՝ կապված ընտրությունների հետ։ Դրա համար Նիկոլ Փաշինյանին երաշխիքներ չեն, երաշխիքը պետք է լինի ինքը՝ իր զիջողական կերպարով, և քանի դեռ կա ինքը Ալիևը երբեք պատերազմ չի սկսի։ Մեզ երկարատև խաղաղություն է պետք։ Եթե կան այդ երաշխիքները, ամեն ինչ զարգանում է նորմալ հունով, խաղաղ ճանապարհով»։