ՌԴ ակտիվների շուրջ որոշման ձախողումը հարված էր Մերցին և ֆոն դեր Լայենին․ Euractiv
Եվրամիությունում ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ քննարկումները ավարտվել են առանց կոնկրետ որոշման, ինչը Euractiv-ի գնահատմամբ դարձել է քաղաքական ձախողում ինչպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, այնպես էլ գերմանացի քաղաքական գործիչ Ֆրիդրիխ Մերցի համար։
Euractiv-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի և բելգիացի դիվանագետների միջև ամբողջ օրը տևած բանակցություններից հետո համաձայնություն ռուսական սառեցված ակտիվների վերաբերյալ այդպես էլ չի ձեռք բերվել։ Արդյունքում հարցը մնացել է բաց՝ առաջացնելով դժգոհություն և քննադատություն։
Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է, որ բանակցությունների ընթացքը հիշեցնում էր «խորտակվող նավ»։
«Դա նման էր «Տիտանիկին», և վերջում ամեն ինչ պարզապես ավարտվեց»,- նշել է նա։
Չնայած դրան՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ֆրիդրիխ Մերցը փորձել են ներկայացնել արդյունքը որպես հաջողություն։ Եվրահանձնաժողովի նախագահը ասել է, թե ուրախ է հայտնել, որ գործընթացը ավարտվել է, ընդգծելով, որ Ուկրաինան ստիպված կլինի մարել վարկը միայն այն դեպքում, եթե Մոսկվայից ստանա փոխհատուցում։
Իր հերթին Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայի համար միջոցներ ներգրավելու գաղափարը հենց ինքն է առաջարկել։





























