ԱԱԾ նախկին տնօրենին հրավիրել են հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության՝ Նորքի զինված խմբին առնչվող քրեական գործով. ընդ որում՝ առերես հարցաքննության:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըստ նախաքննական մարմնի՝ դեռեւս 2015-2016 թվականներին Նորքի զինված խմբի առանձին անդամների նկատմամբ ԱԱԾ-ում ճնշում է գործադրվել, որի արդյունքում էլ տրվել են խմբին մերկացնող ցուցմունքներ: Ու քանի որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն էր, նրան են հրավիրել հարցաքննության:


«Ժողովուրդը» այս առիթով հարց ուղղեց նաեւ Միքայել Համբարձումյանին՝ խնդրելով մեկնաբանել մեր տեղեկությունները, սակայն վերջինս ընդամենը փաստեց, որ ուրախ է, որ դեռեւս կան ազնիվ մարդիկ, ովքեր անձնական կամ այլ շահերով պայմանավորված չեն գնում զրպարտության, ստի:


Այս պատասխանից կարող ենք հանգել այն հետեւությանը, որ այնուամենայնիվ մեր տեղեկությունները ճիշտ են, եւ կատարվել է առերես հարցաքննություն, որի ընթացքում տրվել են Միքայել Համբարձումյանի վերաբերյալ մեղքը ժխտող ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված՝ նա փաստում է այդ անձանց ազնվության մասին…


Սա պատվե՞ր է Միքայել Համբարձումյանի նկատմամբ՝ ինչ-որ շրջանակներից ուղղորդվող, թե՞ պարզապես ստուգման օբյեկտիվ գործընթաց. այս պահին դժվար է հետեւություն անել: Թերեւս պետք է սպասել հետագա զարգացումներին»։



Քաղաքականություն

Պատահարներ