Պուտինը հանդես է եկել մի շարք հայտարարություններով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ անդրադառնալով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությանը, Ռուսաստանի զինված ուժերի հնարավորություններին և միջազգային անվտանգությանը։


Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը կարող են մեծացնել հարձակողական գործողությունների տեմպերը, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով։ Նա նշել է, որ ռուսական բանակը արդյունավետ կերպով «մաշեցնում է» Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, ներառյալ էլիտար կազմավորումները, որոնք պատրաստվել են արևմտյան երկրներում։


ՌԴ նախագահը շեշտել է, որ «Բուրևեստնիկ» և «Պոսեյդոն» համակարգերը երկարաժամկետ հեռանկարում կապահովեն ռազմավարական հավասարակշռությունն ու Ռուսաստանի անվտանգությունը։


Նրա խոսքով՝ ընթացիկ տարում Ռուսաստանի ռազմածովային նավատորմը համալրվել է նոր սուզանավերով, ինչպես նաև 19 վերգետնյա նավերով և նավակներով։


Պուտինը նշել է, որ Կիևի իշխանությունների հետևում կանգնած է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ամբողջ ներուժը, որոնք շարունակաբար աջակցում են Ուկրաինային։ Այդ պայմաններում, նրա գնահատմամբ, Ռուսաստանի զինված ուժերը ցուցաբերում են բարձր մարտունակություն և պատրաստվածություն, իսկ նրանց հնարավորությունները շարունակաբար ընդլայնվում են։


Նախագահը նաև հայտնել է, որ «Օրեշնիկ» համալիրն առաջիկա տարեվերջին կդրվի մարտական հերթապահության։ 

Քաղաքականություն

Պատահարներ