Ուկրաինայի ապագան պետք է լինի ավելի անվտանգ ու բարգավաճ, քան երբևէ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մայամիում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո, հայտարարեց, որ գործընթացի հիմնական նպատակը ոչ միայն պատերազմի ավարտն է, այլև Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունն ու զարգացումը։


«Սա պարզապես պատերազմի ավարտի հարց չէ։ Մենք ցանկանում ենք ոչ միայն դադարեցնել պատերազմը, այլ նաև ապահովել, որ Ուկրաինան մշտապես անվտանգ լինի և այլևս երբեք չհանդիպի նոր ներխուժման վտանգի։ Նույն չափով կարևոր է, որ երկիրը մտնի իրական բարգավաճման փուլ։ Ցանկանում ենք, որ ուկրաինացի ժողովուրդը դուրս գա այս պատերազմից ոչ միայն որպես վերականգնված երկիր, այլ նաև ավելի ուժեղ ու բարգավաճ, քան երբևէ»,– ընդգծեց Ռուբիոն։


Նրա խոսքով՝ այս փուլում կատարվող աշխատանքը համապարփակ բնույթ ունի։ Խոսքը ոչ միայն մարտական գործողությունների դադարեցման պայմանների, այլ նաև այն հիմքերի մասին է, որոնք կստեղծեն Ուկրաինայի երկարաժամկետ առաջընթացի և բարգավաճման հնարավորություն։


«Աշխատանք դեռ շատ կա, սակայն այս անգամ ևս ունեցանք արդյունավետ և օգտակար քննարկում, որի ընթացքում, կարծում եմ, նոր առաջընթաց արձանագրվեց։ Մենք հասկանում ենք, թե որքան բարդ է այս գործընթացը, սակայն միաժամանակ լավատես ենք։ Առաջընթացի հետ միասին ձևավորվում է ընդհանուր տեսլական՝ խոսքը միայն պատերազմի ավարտի մասին չէ, որքան էլ որ դա կարևոր լինի, այլ Ուկրաինայի ապագան ապահովելու մասին՝ ապագա, որը, հուսով ենք, կլինի ավելի խաղաղ ու բարգավաճ, քան երբևէ»,– հավելեց Ռուբիոն։

Քաղաքականություն

Պատահարներ