Նոր մանրամասներ մարտի 1-ի գործով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ԱԺ-ում լսումների ժամանակ անդրադարձել է «մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ՝ 2025թ. սեպտեմբերի 18-ին կայացրած որոշմանը և այդ գործով ընթացող նախաքննությանը։


«Արձանագրվել է, որ 2008թ. Երևանում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած մահերը հանդիսացել են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հետևանք։ Դատարանը նաև նշել է, որ հրազենից արձակված կրակոցներից զոհված չորս անձանց մահը եղել է վատ ծրագրավորված և վատ իրականացված գործողության արդյունք, որի ընթացքում կիրառվել է ամբոխի վերահսկման համար ոչ պատշաճ միջոցներ ու մահաբեր ուժի անհամաչափ օգտագործում։


Ուժի կիրառումը որոշակի հանգամանքներում կարող էր արդարացված լինել՝ կոնվենցիայի համաձայն, այդ թվում՝ անկարգությունների ու ապստամբությունների ճնշման նպատակով։ Սակայն 1405 միավոր 5.45 մմ լուսային գնդակների արձակումը՝ ցուցարարներին վախեցնելու և ցրելու համար, ինչպես նշված է կառավարության փաստաթղթերում, եղել է բացարձակ անհամաչափ։ Այդպիսի չտարբերակված և կամայական բարձր մահաբերություն ունեցող զենքի կիրառումը անընդունելի է՝ հատկապես հաշվի առնելով ոչ մահաբեր զինատեսակների կիրառման ծավալները, ընդամենը 280 դատարկ փամփուշտ և 191 ռետինե գնդակ»,- ասել է նա։


Ըստ կոմիտեի ղեկավարի՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2008թ. մարտի 1 երեկոյան Երևանի Լեո, Պարոնյան և այլ փողոցներում արդեն իսկ տեղակայված են եղել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, որոնք հրազեն են կիրառել՝ հիմնականում կրակելով օդ, իսկ առանձին դեպքերում՝ նաև շենքերի վերին հարկերի ու տանիքների ուղղությամբ։ Այս հանգամանքը քողարկելու և ԶՈւ մասնակցությունը բացառելու նպատակով ոստիկանության զորքերի ու այլ ստորաբաժանումների ծառայողները տվել են ուղղորդված ու բովանդակությամբ կեղծ ցուցմունքներ, իբր իրենք են մարտական հրազենով կրակել։


Նրա խոսքով, մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած ԶՈւ ծառայողները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին գնահատական չի տրվել, քանի որ քննությունը ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողների, ինչը իրականությանը չի համապատասխանել. «Այս կապակցությամբ կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ՝ գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար»,- ասել է նա։

Քաղաքականություն