Պետական պարտքն ավելացել է 80 տոկոսով. մանրամասներ

ՀՀ պետական պարտքն ավելացել է 80 տոկոսով, բայց 1,5 տարում հնարավոր կլինի մարել։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։


«Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025 թվականի 5,5 տոկոսի դիմաց։ Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կայուն և կառավարելի տիրույթում՝ միջնաժամկետ հատվածում այն պահպանելով 50 տոկոսին մոտ շրջանակում։ Ընդդիմադիր շրջանակներն ասում են, թե մեր պետական պարտքը կրկնապատկվել է, բայց այն ավելացել է 80 տոկոսով։ Այս համատեսքստում նշեմ, որ այդ պարտքն ուղղվում է պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, այսինքն՝ հայաստանցիների հարստանալու և իրենց բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ»,- նշեց Հովհաննիսյանը։


Նա նաև նշեց՝ կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի դրամային պարտքի կշռի ավելացումը։ Եթե 2018 թվականի վերջին դրամային պարտքի մասնաբաժինը կառավարության պարտքի կառուցվածքում կազմում էր ընդամենը 19 տոկոս, ապա հաջորդող 6 տարում այն շարունակաբար աճել է՝ 2024 թվականին հասնելով 50,8 տոկոսի։


Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, մարտի 24-ին ԱԺ-ում ներկայացնելով 2024 թ․ իրենց աշխատանքի հաշվետվությունը, նշել էր, որ անցած տարի պետական պարտքն անվանական արտահայտությամբ 2023 թվականի վերջի համեմատ աճել է 6,2 %-ով, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ գրեթե չի փոխվել՝ 48,3 %։ Պետական պարտքը 2024 թվականի վերջին կազմել է մոտ 5 տրլն 93 մլրդ դրամ։

Քաղաքականություն