Մահափորձ՝ Ալիևի դեմ. մանրամասներ

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դեմ հեղաշրջման փորձ պլանավորվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումից շատ առաջ: Աս մասին գրում է Вести Баку-ն:


Պլանը մշակվել է սառը, հաշվարկված բյուրոկրատիայի ոգով՝ հստակ սցենարով, նշանակված դերերով և արտաքին համակարգմամբ։


Աղբյուրը գրել է, որ գործողության կենտրոնական դեմքը նույնականացվել է Ռամիզ Մեհդիևի հետ, որը տասնամյակներ շարունակ վերահսկել է երկրի վարչական մեքենան։


Ըստ տեղեկության՝ Մեհդիևը դեռևս ազդեցություն է ունեցել առաջատար լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության վրա՝ խորհրդարանում ունենալով նաև հավատարիմ պատգամավորների խումբ, որոնք պատրաստ են եղել աջակցել «ժամանակավոր կառավարությանը» ճգնաժամի դեպքում։


Սցենարի հիմնական դրվագն ինքնաթիռի վթարը պետք է լիներ՝ ազդարարելով գործողության սկիզբը։


2024 թվականի դեկտեմբերին պլանավորվել էր Իլհամ Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «վթար», որն, առաջին հայացքից, նման կլիներ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։


Մինչ երկիրը ցնցված կլիներ, խուճապահար և վախեցած արտաքին սպառնալիքից, պետք է հայտարարվեր «արտակարգ դրություն»։


Աղբյուրի խոսքով՝ պլանը համակարգվել է Մոսկվայի ռազմական շրջանակների միջոցով։ Հիմնական կապող օղակներից մեկը գեներալ Նաջմեդդին Սադիգովն էր, որը երկար ժամանակ համարվում էր «Մոսկվայի մարդը» Բաքվում։ Նա պետք է ապահովեր, որ ռուս զինվորականներն իրականացնեն դիվերսիան՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն, անջատելով GPS-ը, փոխանցելով կեղծ ազդանշաններ և ժամանակավորապես կուրացնելով նախագահական ինքնաթիռի նավիգացիոն համակարգերը։


Միևնույն ժամանակ՝ Մեհդիևի ցանցերի կողմից վերահսկվող լրատվամիջոցները պատրաստվում էին տեղեկատվական հարձակման. նախապես պատրաստվել էին նյութեր «խորհրդավոր հարձակման», «ժամանակավոր անվտանգության խորհրդի» և «վերահսկողության փոխանցման» մասին։ Աղբյուրի խոսքով՝ նախապես նույնիսկ կազմվել էին «նոր նախարարների» ցուցակներ։


Սակայն գործողությունը ձախողվել է։ Հանցագործները սխալ են թույլ տվել․ նախագահական ինքնաթիռի փոխարեն խփվել է քաղաքացիական AZAL ինքնաթիռը։


Սխալը ճակատագրական էր։ Կառավարվող ճգնաժամի փոխարեն՝  երկիրն ու աշխարհը բախվեցին ողբերգության և միջազգային սկանդալի։


Դրանից հետո, ըստ աղբյուրի, Մոսկվան արագ փորձել է վերաշարադրել սցենարը՝ շրջել պատմությունը, ներկայացնել այն որպես տեխնիկական սխալ և «մասնակիորեն փոխանցել տվյալները»։


Ամենադրամատիկ դրվագը, ըստ նույն արտահոսքի, տեղի է ունեցել ավելի ուշ՝ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։ Այնտեղ, ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Իլհամ Ալիևին, որ Ռուսաստանը «խափանել է մահափորձը» և փոխանցել օպերատիվ տեղեկատվություն, այդ թվում՝ Ադրբեջանի ներսում գործող գործակալի անունը։


Այսպես թե այնպես, հեղաշրջման փորձը ձախողվել է։


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը տնային կալանքի է ենթարկվել՝ պետական դավաճանության, բռնի ուժով պետությունը տապալելու փորձի և փողերի լվացման մեղադրանքներով:


Բաքվի դատարանը 87-ամյա Ռամիզ Մեհդիևի համար չորս ամսվա տնային կալանք է նշանակել՝  հաշվի առնելով նրա տարիքը։ Մեղադրանքները, ըստ Ադրբեջանի քրեական օրենսգրքի, նախատեսում են առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում։


Տեղական լրատվամիջոցների կողմից հաճախ «մոխրագույն կարդինալ» անվանվող Մեհդիևը զգալի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի քաղաքականության վրա՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում գտնվելու գրեթե 25 տարիների ընթացքում։ Նա եղել է ինչպես  ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ նրա հոր և նախորդի՝ Հեյդար Ալիևի աշխատակազմի ղեկավարը։


Մեհդիևը պաշտոնանկ է արվել նախագահի հրամանագրով 2019 թվականի հոկտեմբերին։ Նույն օրը Ալիևը նրան շնորհել է երկրի բարձրագույն պետական պարգևը՝ առաջարկելով, որ նա «տեղը զիջի երիտասարդ սերնդին»։ Մեհդիևը, որը հայտնի գիտնական է, նշանակվել է նաև Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի (ANAS) նախագահ։


2020 թվականին Մեհդիևն ANAS-ի կայքում հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում և որոշ պատգամավորների կողմից իր դեմ Ռուսաստանի հետ կապերի մասին «ծիծաղելի և անհիմն» մեղադրանքները։


Դատարանի որոշումից հետո, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության վետերանների խորհրդի նախագահ Արիֆ Ռահիմզադեն հայտարարել է, որ կուսակցության ղեկավարությունը կհանդիպի առաջիկա օրերին՝ քննարկելու Մեհդիևին իր շարքերից հեռացնելու հարցը։


ANAS-ի նախագահ և ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ քննարկվում է Ռամիզ Մեհդիևին ANAS-ի լիիրավ անդամությունից զրկելու հարցը։ «Մենք նույնպես ցավում ենք վերջին իրադարձությունների համար։ Հարցը կքննարկվի դատարանի որոշումից հետո», – նշել է Հաբիբբեյլին։


Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռամիզ Մեհդիևը կհեռացվի Ադրբեջանի Անվտանգության խորհրդից, ինչի մասին հայտարարել էր գործակալության փոխքարտուղար Մադաթ Գուլիևը։


Ավելի ուշ Ռամիզ Մեհդիևը քննիչներին ցուցմունք է տվել գրեթե յոթ ժամ։



Քաղաքականություն

Պատահարներ