
Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ, և իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա։ Այսօր ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը։
«Մտահոգիչ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ Բաքվում պահվող հայ գերիները ծանր հոգեվիճակում են և նույնիսկ ինքնասպանության փորձեր են կատարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցելությունների ընդհատումից հետո, մարդասիրական գործողություն, որն այժմ դադարեցված է։ Գրեթե երկու ամիս է՝ գերիները լիակատար մեկուսացման մեջ են, և ոչ մի անկախ միջազգային կազմակերպություն նրանց չի այցելել։ Նրանց կալանքի, առողջական կամ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան»,- ասել է Գևորգյանը։
Նա ընդգծել է, որ վերջին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հայ գերիներին այցելել են հունիսին։ Իսկ հիմա արդեն Կարմիր խաչի գործունեությունը Բաքվում վերջնականապես դադարեցվել է Ադրբեջանի իշխանությունների պահանջով։
Պատգամավորն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին՝ ընդգծելով, որ գերիների ազատ արձակման հարցում առաջընթաց չի արձանագրվել։
«Ինչպես ՀԱՄԱՍ-ը պատանդներ է պահում բանակցություններում ազդեցության լծակներ ունենալու համար, այնպես էլ Իլհամ Ալիևը հայ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին բանակցային գործընթացում օգտագործում է որպես քաղաքական խաղաքարեր։ Նրանք գերիներ չեն, այլ քաղաքական մանիպուլյացիայի կենդանի գործիքներ»,- հայտարարել է Գևորգյանը։
Դիմելով ԵԽԽՎ-ին՝ նա նշել է` ժամանակն է, որ կազմակերպությունը ոչ միայն պահանջի Կարմիր խաչի և չեզոք երրորդ կողմի հյուպատոսական կամ մարդասիրական կազմակերպությունների անհապաղ և անարգել մուտքը Բաքվում գտնվող հայ գերիների մոտ, այլև նրանց բոլորի ազատ արձակումը։