
Հայաստանն աջակցում է Չինաստանի նախագահի առաջարկած գլոբալ կառավարման նախաձեռնության հայեցակարգին

Հայաստանն աջակցում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշված գլոբալ կառավարման նախաձեռնության հայեցակարգը։ Այս հայտարարությունն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է բազմակողմ հարթակների շրջանակներում համագործակցությունը՝ որպես բազմաշերտ երկխոսության, հանդուրժողականության, փոխըմբռնման, մարդու իրավունքների պաշտպանության և համագործակցության խթանման կարևորագույն գործիք, և հույս ունի, որ համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք նպաստել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մակարդակում փոխըմբռնման և համերաշխության ամրապնդմանը:
«Այս տեսանկյունից կարծում եմ գնահատելի է պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված՝ Գլոբալ կառավարման նախաձեռնության հայեցակարգը՝ հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության և դրա առանցքային սկզբունքների վրա հիմնված բազմակողմ համակարգի պահպանման և ամրապնդման կարևորության համատեքստում, և մենք աջակցում ենք պարոն Սի Ծինփինի այդ նախաձեռնությանը»,– ասել է Փաշինյանը։
Նա գոհունակությամբ ընդգծել է, որ այս գագաթնաժողովը պատմական է նաև Հայաստանի և Չինաստանի հարաբերություններում, որովհետև Սի Ծինփինի հետ ընդունվել է հայտարարություն՝ արձանագրելով, որ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը զարգացել և հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։
Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերություններն այդ հենքի վրա է՛լ ավելի կզարգանան: