Ալիևը՝ Մոսկվայի հետ հարաբերությունների մասին

Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար։ Այս մասին հայտարաել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին։


«Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը և ռուս պաշտոնյաների արձագանքը միջադեպին մեծ հիասթափություն և դժգոհություն են առաջացնում Ադրբեջանում: Նախ, դա չպետք է տեղի ունենար, քանի որ ռուսական օդանավակայանների վրա անօդաչուների հարձակումների դեպքում նրանք հատուկ ռեժիմ են հայտարարում։ Նրանք ազդանշան տվեցին ինքնաթիռի հարվածից հետո: Դա նշանակում է, որ նրանք դա արել են պարզապես մոլորության մեջ գցելու նրանց, ովքեր հետաքննություն են անցկացնելու։ Նրանք երկու անգամ հարվածել են ինքնաթիռին։ Միայն օդաչուների պրոֆեսիոնալիզմն ու քաջությունը թույլ տվեցին ինքնաթիռին վայրէջք կատարել և բարեբախտաբար, այն վայրէջք կատարեց Ղազախստանում, այլ ոչ թե Ռուսաստանում։


Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Ադրբեջանը պատահաբար խոցեց ռուսական ուղղաթիռը, որը մոտեցել էր Ադրբեջանի սահմանին, որտեղ ի սկզբանե չպետք է լիներ։ Որովհետև 30 տարվա ընթացքում ռուսական ուղղաթիռները Հայաստանի տարածքից ոչ մի անգամ չեն մոտեցել Ադրբեջանի սահմանին։ 


Մենք անմիջապես փոխհատուցում վճարեցինք զոհված օդաչուների ընտանիքներին և պաշտպանության նախարարությանը։ Մենք հետաքննություն ենք սկսել, և նրանք, ովքեր թույլ են տվել այս ողբերգական սխալը, ենթարկվել են պատասխանատվության։ Ռուսաստանի կողմից նման բան մենք չենք տեսել։ Նոյեմբերի 9-ի այն ողբերգական իրադարձությունն ու մեր պահվածքն այն ժամանակ մեզ հիմք են տալիս նույն վերաբերմունքն ակնկալել նաև Ադրբեջանի նկատմամբ, չէ որ երկու երկրներն իրենց բարեկամ են անվանում։ Բայց դա մեծ անակնկալ էր։ Եվ նրանք դեռ չեն ասում, թե ինչ է պատահել: Այնպես որ, սա, իհարկե, շատ լուրջ իրավիճակ է մեր երկկողմ հարաբերություններում։ Բայց մենք չէինք, որ ուզում էինք այդ հարաբերությունների վատթարացումը»,- ասել է Ալիևը։

Քաղաքականություն