Սնկային վարակներ, բակտերիալ վարակներ և այլ հիվանդություններ. շոգ եղանակի հետևանքները

ԵՊԲՀ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է.


«Ամառային ամիսներին մաշկային խնդիրների հաճախականությունը մեր տարածաշրջանի երկրներում հետևյալն է՝ երեխաների գրեթե 60–80%-ի շրջանում առնվազն մեկ մաշկային խնդիր ամառային սեզոնի ընթացքում գրանցվում է, հիմնականում` մաշկաբորբ, էկզեմա, այտաբորբ, պիգմենտացիոն խնդիրներ, միլիարիա՝ խցանված քրտնագեղձերի պատճառով առաջացող խնդիր։


Շոգ եղանակին մաշկային մի շարք խնդիրներ կարող են հաճախանալ՝ պայմանավորված բարձր ջերմաստիճանով, քրտնարտադրության ավելացմամբ և արևի ինտենսիվ ճառագայթմամբ։


Ահա ամենահաճախ հանդիպող մաշկային խնդիրները շոգին`


Քրտնարտադրության հետ կապված խնդիրներ, դրանցից առավել տարածված է քրտնագեղձերի խցանումը/միլիա (քրտինքային ցան), հայտնվում են կարմիր կետեր կամ պզուկանման գոյացություններ՝ հիմնականում մարմնի ծալքերում (պարանոց, մեջք, կրծքավանդակ, հարքթային հատված)։ Դրանք առաջանում են այն ժամանակ, երբ քրտինքի արտահոսքը խոչընդոտվում է։


Արևայրուք, որը նույնպես խնդրահարույց է դառնում, հատկապես երկար ժամանակ արևի տակ մնալու դեպքում՝ առանց պաշտպանիչ քսուքների։ Պատճառում է անհանգստություն, դրսևորվում է կարմրությամբ, ուղեկցվում է ցավով, բշտիկներով։


Ալերգիկ ռեակցիաներ արևի նկատմամբ (ֆոտոալերգիկ կամ ֆոտոտոքսիկ ռեակցիաներ), որոշ մարդկանց մաշկը արևի նկատմամբ գերզգայուն է և արևի ազդեցությունից կարող են առաջանալ խոցոտումներ, ցան, քոր։


Սնկային վարակներ` շոգ եղանակին մարմնի խոնավ հատվածները (ծալքեր, ոտնաթաթեր, միջմատային հատված) դառնում են սնկերի զարգացման բարենպաստ միջավայր, օրինակ՝ տինեա (tinea cruris - աճուկային հատվածում, tinea pedis - ոտնաթաթերում)։


Բակտերիալ վարակներ` քրտինքը, տաքությունը և աղտովածությունը նպաստում են մաշկի միկրովնասվածքներից տարբեր հարուցիչների ներթափանցմանը, որոնք կարող են ունենալ տարբեր մաշկային դրսևորումներ, օրինակ՝ ֆուրունկուլ կամ խոցեր։


Ակնե` տաք եղանակին քրտինքը, յուղոտությունը և փոշին կարող են վատթարացնել ակնեն, հատկապես հաճախ է պատանիների ու երիտասարդների մոտ։


Արևային մաշկաբորբեր (Polymorphic Light Eruption, PLE), բորբոքային մաշկային ռեակցիա արևի ազդեցությունից հետո՝ քորով, կարմրությամբ, երբեմն՝ փոքր բշտիկներով։


Հայաստանի կլիման՝ ունենալով չոր, շոգ ամառներ և ցուրտ, քամոտ ձմեռներ, ձևավորում է մաշկային խնդիրների յուրահատուկ մի շարք՝ բնորոշ տեղական բնակլիմայական պայմաններին։ Վերը նշված խնդիներից մեր տարածաշրջանում առավելապես հանդիպում են քրտինքացանը, արևայրուքը, սնկային վարակները և ակնեն: Հայաստանում արևի ճառագայթումը բավականին ուժեղ է, հատկապես բարձրադիր վայրերում (օր.՝ Գյումրի, Ծաղկաձոր, Սևան)։ Առանց արևապաշտպան միջոցների երկար մնալը հաճախ հանգեցնում է կարմրության, այրման զգացողության։


Մեր երկրի շատ շրջաններում օդի խոնավությունը շատ ցածր է, ինչը մշտապես նպաստում է մաշկի չորությանը։ Հայաստանն ունի տարեկան մոտ 2700–3000 ժամ արևոտ օր, ինչը մեծացնում է արևային ճառագայթումից առաջացող խնդիրների (օրինակ՝ ֆոտոծերացման, պիգմենտացիայի) ռիսկը։


Մաշկային խնդիրների առաջացմանը նպաստող գործոններից են նաև շինարարական փոշին, արդյունաբերական միջավայրը, որոնք նպաստում են մաշկի գրգռմանը, բորբոքմանը։


Հայաստանի պայմաններում մաշկային խնդիրների կանխարգելման լավագույն միջոցները միտված են պաշտպանել մաշկը՝ արևից, չոր օդից, միկրոֆլորայից ու կլիմայական ծայրահեղություններից։ Եղանակային` ամառային կանխարգելումը իրականացվում է մի քանի ուղղություններով`


Արևային ճառագայթումից պաշտպանություն` պետք է օգտագործել արևապաշտպան քսուք SPF 30-ից բարձր (նախընտրելի՝ լայն սպեկտր, UVA/UVB պաշտպանությամբ), որը պետք է թարմացվի ամեն 2–3 ժամը մեկ, կամ քրտնելուց / ջուրը մտնելուց հետո, նաև անհրաժեշտ է կրել գլխարկ, արևային ակնոց և բաց գույնի, բամբակյա հագուստ։


Քրտնարտադրության հետ կապված խնդիրների կանխարգելում, հագուստը պետք է լինի՝


• Շնչող, ազատ կտրվածքով

• Բնական մանրաթելերից

• Խուսափել երկար ժամերով շոգ միջավայրում մնալուց։

• Քրտնած վիճակում՝ հնարավորինս շուտ լվացվել և չոր հագուստ հագնել։


Սնկային վարակների կանխարգելում


• Չոր պահել մաշկային ծալքերը (աճուկ, թևատակ, ոտքի միջմատային հատվածներ)։

• Խուսափել ուրիշի սրբիչ օգտագործելուց, հողաթափ կամ կոշիկ կրելուց



Ակնեի ու մաշկի յուղայնության նվազեցում


• Օգտագործել նուրբ մաքրող լվացուկներ (ծծումբ, սալիցիլաթթու պարունակող)։

• Չլվացվել չափազանց հաճախ՝ դա կարող է չորացնել մաշկը, ինչն էլ կվատթարացնի վիճակը։

• Նախընտրել չխցանող արևապաշտպան քսուք


Հայերի շրջանում առավել հաճախ հանդիպող մաշկի տեսակը համակցվածն է, որը բնութագրվում է ճակատի, քթի և կզակի (T-գոտի)՝ յուղոտությամբ, հակված է փայլելու, պզուկների և սև կետերի առաջացման, ճակատի կողքերը, այտերն առանձնանում են նորմալ կամ չոր մաշկով։ Ամռանն ավելի շատ յուղոտություն է նկատվում, ձմռանը՝ չորություն։


Համակցված մաշկի խնամքն ամռանը ունի իր առանձնահատկությունները, ճիշտ խնամքն օգնում է հավասարակշռել մաշկի տարբեր հատվածները՝ չչորացնելով չոր հատվածները և չավելացնելով յուղոտությունը T-գոտում։ Այսպիսով, ամառային խնամքի համար անհրաժեշտ է`


Մաքրում` նուրբ, գելային մաքրող միջոցներով՝ առանց սուլֆատների, օրինակ՝ սալիցիլաթթու (0.5–2%) կամ նիացինամիդ պարունակող գելեր, դեմքը լվալ օրական 2 անգամ (առավոտյան և երեկոյան)։


Խոնավեցում` օգտագործելով թեթև, ջրային հիմքով խոնավեցնող միջոցներ, խուսափելով յուղային կամ շատ խիտ քսուքներից։


Արևապաշտպանություն` չխցանող SPF 30+ արևապաշտպան քսուքներով։


Էքսֆոլիացիա /մաքրում` ամռանը 1 անգամ շաբաթը թույլ քերիչ միջոց կամ քիմիական պիլինգ (սալիցիլաթթու, լակտաթթու)՝ T-գոտու համար ցանկալի է, պետք է խուսափել չափազանց ինտենսիվ մաքրումից, հատկապես այտերի հատվածում։


Դիմակներ՝ ըստ հատվածների` «Multi-masking» մեթոդ՝ տարբեր դիմակներ տարբեր գոտիների համար, օրինակ՝ կավե դիմակ T-գոտու համար, խոնավեցնող դիմակ այտերի համար։


Ընդհանուր խորհուրդներ


• Օգտագործեք միայն չխցանող (non-comedogenic) կոսմետիկա։

• Փոխեք բարձի երեսները շաբաթը 2 անգամ։

• Ապահովեք սննդակարգում մրգեր, բանջարեղեն, բավական ջուր»։

Քաղաքականություն