Նոր խստացումներ` ՃՏՊ-ի դեպքում

Երկու ավտոտրանսպոտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդները պարտավոր են ՃՏՊ-ից հետո՝ 20 րոպեի ընթացքում, թողնել պատահարի վայրը, տրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե այն պատահարի հետևանքով չունի տեխնիկական այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է ավտոմեքենայի շահագործումը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էուարդ Աղաջանյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը:


Եվս մեկ լրացում է առաջարկվում, ըստ որի՝ միայն երկու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից հետո՝ 20 րոպեի ընթացքում, պատահարի վայրը չթողնելը և ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, եթե ավտոտրանսպորտային միջոցը ՃՏՊ-ի հետևանքով չունի այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է դրա շահագործումը:


«Նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող սաստկալի, հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք ունենում են թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական, թե՛ առողջապահական անասելի բացասական հետևանքներ մեր քաղաքացիների համար»,- ասել է հիմնական զեկուցողը: