Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ արձագանքով է հանդես եկել

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Այխան Հաջիզադեին մեկնաբանություն է արել՝ կապված Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի  մեղադրանքների հետ՝ Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ։


«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի կողմից Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման, այսինքն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակումներ իրականացնելու վերաբերյալ անհիմն և սադրիչ մեղադրանքները»,- հայտարարել է Հաջիզադեն։


Հաղորդվում է, որ այս պնդումները խաթարում են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու վրա։


«Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի կողմից Իրանի նախագահի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցում բացատրված դիրքորոշումը, ինչպես նաև արտգործնախարարի և իր գործընկերոջ միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, մենք Իրանի դեսպանի պնդումները գնահատում ենք որպես ակնհայտ սադրանք։


Ադրբեջանի Հանրապետությունը կտրականապես հերքում է այն պնդումները, որ իր օդային տարածքը կամ տարածքը որևէ պետության կողմից օգտագործվում է հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նման մեղադրանքները անհիմն են, և չկան հավաստի ապացույցներ դա հաստատելու համար:


Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև կձեռնարկի անհրաժեշտ քայլեր դեսպանի կողմից արտահայտված կարծիքների վերաբերյալ, ով պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում, այլ ոչ թե ներկայացնում է իր երկիրը», - ասել է նա։