Պանգասիուս ձուկը կտանք լաբորատոր փորձաքննության. ԱԱՏՄ

Հայաստանում սկսել են ներկրել պանգասիուս տեսակի ձուկ, որը հայտնի է իր վտանգավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում ահազանգել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։


«Որպես սննդամթերք՝ աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը պանգասիուս տեսակի ձուկն է, որոնց բուծում են հիմնականում Հարավարևելյան Ասիայում, իսկ նրանց ներկրումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով (գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր, աղբ և այլն)։ Բացի գետի աղտոտվածությունը, այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով»,- նշված է գրառման մեջ։


«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշել է, որ թեև այն համարվում է բարձր ռիսկայնության ապրանք, բայց ոչ բոլոր պանգասիուսներն են վտանգավոր․


«Այնպես չէ, որ բոլոր պանգասուսները վտանգավոր են, կամ վտանգները նույնն են կամ միանման։ Մի դեպքում՝ ապրանքը կարող է հորմոնների հետ կապված խնդիրներ ունենալ, մի դեպքում՝ հակաբիոտիկների մնացորդներ, մյուս դեպքում՝ պարզապես մանրէաբանական։ Այո, կարող են լինել որոշ դեպքեր, որ պանգասուսը անվտանգության խնդիր չունենա։ Այնպես չէ, որ եվրոպական որևէ երկրում հնարավոր չէ գտնել անվտանգ պանգասուս։ Դրա համար անհրաժեշտ է ոչ թե ենթադրել, և առաջնորդվել նախազգուշացման սկզբունքով. քանի դեռ ապացուցված չէ անվտանգությունը, խուսափում ենք, դիտարկում որպես պոտենցիալ վտանգավոր մթերք։


Եթե, օրինակ, մանրէաբանության խնդիր ունենա, կառաջացնի աղեստամոքսային տրակտի խանգարում, եթե հորմոնների հետ կապված խնդիր, այլ բան, եթե մետաղների հետ կապված խնդիր, կարող է քաղցկեղածին լինել»,- նշել է Պիպոյանը։


Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե խուճապ ստեղծելն է, այլ հավասարակշռված տեղեկատվություն տրամադրելը․


«Մարդիկ իմանան, որ պետք է ուշադիր լինեն, պետությանն էլ հորդորենք, որ գործուն քայլեր ձեռնարկի։ Երբ մարդիկ չեն համոզվում անվտանգության մեջ, պարզապես հրաժարվում են այդ արտադրանքից։ ժամանակին երբ արգելվեց, էլի իրավական արգելք չէր դրվել, ընդամենը խստացված հսկողություն, ու ամեն խմբաքանակը, որ գալիս էր, ու խնդիր էր հայտնաբերվում, չէր մտնում, կամ վաճառականները գիտեին, որ ստուգման արդյունքում հայտնաբերվելու է, չէին ներմուծում»,- մանրամասնել է Պիպոյանը։


Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այն ինչ-որ փաստաթղթերով հեշտությամբ չհասնի Հայաստանի սպառողին, իսկ դրա համար պատասխանատու է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։


Իսկ ՍԱՏՄ-ն ահազանգին ընթացք է տվել. լրատվամիջոցին հայտնել են տեսչությունից․ «Վերահսկողություն կիրականացվի իրացման ցանցում, ձուկը կտանք լաբորատոր փորձաքննության․ եթե շեղումներ հայտնաբերվեն, իրացումը կկասեցվի, խմբաքանակը իրացման ցանցից ետ կկանչվի, հետագծելիությամբ՝ վերահսկողություն կիրականացվի նաև ներկրողի մոտ»,- նշել է կառույցի խոսնակ Անուշ Հարությունյանը:

Քաղաքականություն