
Հայաստանը շատ մեծ հույսեր ուներ․ Ալիև

Հայաստանը հույս ուներ, թե ԱՄՆ-ում ընտրություններից հետո դեմոկրատները կմնան իշխանության, և նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը մեծ հիասթափություն էր նրանց համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։
«ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները Բայդեն-Բլինքեն վարչակազմի օրոք կարելի է բնութագրել որպես ճգնաժամային։ Եվ մենք չենք եղել դրա պատճառը: Մենք միշտ ցանկացել ենք լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, որն աշխարհի ամենաուժեղ երկիրն է: Բայդ դա հակաադրբեջանական քաղաքականության պատճառով էր, որն իրականացնում էր պետքարտուղար Բլինքենը»,- հայտարարել է Ալիևը։
Նա նաև հերթական անգամ դժգոհություններն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմից։
«Բայց երբ Բայդեն-Բլինքեն վարչակազմը փախավ Աֆղանստանից, նրանք նորից այս ուղղումը մտցրին մեր դեմ։ Այդքան անշնորհակալ լինելը շատ վնասակար է հենց վարչակազմի համար, քանի որ դրանից հետո նրանց ո՞վ է վստահելու։ Արդյունքում, Բայդեն-Բլինքեն թիմի նկատմամբ մեր վստահությունը հասել էր զրոյի, և մեր հարաբերությունները շատ լուրջ ճգնաժամի մեջ էին։ Բայդենի վարչակազմը հստակ իր դիրքորոշումը կապել էր Հայաստանի հետ։ Մենք դա տեսանք հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից ի վեր»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև դժգոհություն է հայտնել անցյալ տարի ապրիլի 5-ին կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումից։ Նա ընդգծել է՝ նման հանդիպում չի եղել ոչ միայն հետխորհրդային որևէ պետության, այլև աշխարհում որևէ երկրի հետ։ Ալիևին մտահոգում է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմակավարական գործընկերության կանոնադրությունը։
«Մեկ այլ կարևոր նշաձող է Էնթոնի Բլինքենի օրոք ռազմավարական գործընկերության հռչակագիրը, որը ստորագրվեց Թրամփի պաշտոնը ստանձնելուց հինգ օր առաջ։ Գողերի նման ստորագրեցին՝ մինչ նոր թիմը գալիս էր։ Սա ևս մեկ հակաադրբեջանական քայլ էր պարոն Բլինքենի կողմից»,- հայտարարել է Ալիևը։