Զանգվածային գործադուլներ՝ Գերմանիայի 13 օդանավակայաններում

Այսօր 24-ժամյա նախազգուշական գործադուլ է սկսվել Գերմանիայի խոշորագույն օդանավակայաններում։


Գերմանական Ver.di արհմիությունը կոչ է արել օդանավակայանի օպերատորներին, ցամաքային ծառայության աշխատակիցներին և ավիացիոն անվտանգության աշխատակիցներին դուրս գալ ի նշան բողոքի։


Արհմիությունը պահանջում է աշխատավարձի 8%-ով բարձրացում, բայց ոչ պակաս, քան ամսական 350 եվրո, ինչպես նաև պահանջում է մեծացնել բոնուսները ծանր աշխատանքի համար և լրացուցիչ հանգստյան օրեր աշխատակիցների համար: Հայտարարության մեջ Ver.di-ն ասել է, որ գործադուլն անհրաժեշտ է «մոտ 25,000 աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու համար»:


Գործադուլը կազդի Բեռլին-Բրանդենբուրգ, Շտուտգարտ, Քյոլն/Բոն, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Մյունխեն, Համբուրգ, Մայնի Ֆրանկֆուրտ, Հանովեր, Բրեմեն և Լայպցիգ/Հալլե օդանավակայանների վրա: Վեզե և Կառլսռուհե/Բադեն-Բադեն օդանավակայաններում գործադուլի են կանչվել միայն ավիացիոն անվտանգության աշխատակիցները, որոնք աշխատում են ուղևորների, անձնակազմի, բեռների և ապրանքների զննման վայրերում, ինչպես նաև սպասարկման բաժիններում: