2024-ին ՀՀ բանկերն ինչքան շահույթ են ունեցել

ՀՀ բանկերը 2024թ–ին 2023–ի համեմատ ավելի քան 100 մլրդ դրամի շահույթ են ունեցել։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։


«2024թ–ին բանկային համակարգը աշխատել է շահույթով և 363 մլրդ շահույթ է արձանագրել։ Եթե համեմատենք 2023թ–ի հետ, ապա աճը 100 միլիարդից շատ է եղել կամ մոտ 60 տոկոս։ սկ 2022թ–ին ունեցել ենք 250 միլիարդի աճ»,– ասել է միության նախագահը։


Նրա խոսքով` անցած տարվա շահույթը, սակայն, ավելի շատ պայմանավորված է 2023-ին կրած վնասներով` կապված ԼՂ–ի քաղաքացիների բռնի տեղահանության հետևանքով արձանագրված 80 մլրդ դրամի վնասի հետ։


Պատասխանելով բանկերի` վարկային բարձր տոկոսադրույքներով գերշահույթներ գեներացնելու մասին հարցին` Ազատյանը նշեց, որ բարձր տոկոսներ ասելով` ընդունված է հասկանալ 50-150 տոկոսանոց վարկերը, իսկ Հայաստանում նման տոկոսադրույքներ գոյություն չունեն։


«Եթե խոսքը վերաբերում է հիփոթեքային կամ սպառողական վարկերի տոկոսադրույքներին, ասել, որ դրանք բարձր են, իմ կարծիքով, ճիշտ չէ, որովհետև կարող ենք ասել, որ դա փողի` պահանջարկի և առաջարկի հիման վրա ձևավորվող գինն է»,– նշել է նա։


Նա միաժամանակ քաղաքացիներին խորհուրդ տվեց հնարավոր խնդիրներից խուսափելու համար բանկային պայմանագրերում լողացող տոկոսադրույքների պարագայում հատուկ ուշադրություն դարձնել դրանց ձևավորման պայմաններին։