![Եվրոպան գաղտնի ծրագիր ունի Ուկրաինայի վերաբերյալ. AP](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-15/67b0648562a9b.webp)
Եվրոպան գաղտնի ծրագիր ունի Ուկրաինայի վերաբերյալ. AP
![Եվրոպան գաղտնի ծրագիր ունի Ուկրաինայի վերաբերյալ. AP](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-15/67b0648562a9b.webp)
Եվրոպայի մի քանի երկրներ գաղտնի աշխատում են Ուկրաինա զորք ուղարկելու ծրագրի վրա, որպեսզի օգնեն ապահովել Ռուսաստանի հետ ապագա խաղաղ համաձայնագրի կատարումը: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
«Եվրոպական մի խումբ երկրներ, որոնք ավելի ու ավելի են մտահոգված այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի Անվտանգության առաջնահերթություններն այլ ոլորտներում են, գաղտնի աշխատում են Ուկրաինա զորք ուղարկելու ծրագրի վրա, որպեսզի օգնեն ապահովել Ռուսաստանի հետ ցանկացած ապագա խաղաղ համաձայնագրի կատարումը: Եվրոպացիները սկսել են ուսումնասիրել, թե ինչ տեսակի ուժ կարող է անհրաժեշտ լինել մոտ մեկ տարի առաջ, սակայն հրատապության զգացողությունն աճել է այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է շրջանցել նրանց եւ, հնարավոր է, նույնիսկ Ուկրաինային՝ Պուտինի հետ գործարք կնքելու համար»,- նշված է նյութում։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այդ ջանքերի առաջնագծում են: Գործակալության տվյալներով՝ մանրամասները սուղ են մնում:
«Ակնհայտ է, որ եվրոպացիների համար դժվար կլինի մեծ ուժեր հավաքել, և նրանք, անշուշտ, չեն կարողանա դա անել արագ»,- գրում Է Associated Press-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պեվկուրը, եվրոպացի դաշնակիցների համար խիստ կարեւոր է հասկանալ, թե ինչպիսին կլինի Ուկրաինայի շփման գիծը նախքան պլան մշակելը: Այսպես, եթե Մոսկվան և Կիևը կրճատեն իրենց ուժերը ռազմաճակատի երկայնքով մինչև երկու կողմից «մի քանի հազար», ապա, նրա խոսքով, «Եվրոպայի համար խնդիր չի լինի այնտեղ ներկա գտնվել», բայց եթե հակամարտությունը դեռ եռում է, դա շատ ավելի բարդ կլինի»։
«Մենք շատ վաղ փուլում ենք»,- ավելացրել է Պեվկուրը:
Telegraph թերթը, հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Լոնդոնն ու Փարիզը բարձր մակարդակով գաղտնի քննարկում են հակամարտության ավարտից հետո Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը: Աղբյուրները նշել են, որ Բրիտանիայի վարչապետը դեռ լիովին հակված չի նախաձեռնությանը, մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է առաջ տանել Վլադիմիր Զելենսկու և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ ավելի վաղ քննարկված՝ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու գաղափարը:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն ավելի վաղ հայտնել էր, որ Արևմուտքն Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար երկրում տեղակայելու է, այսպես կոչված, խաղաղապահ զորախումբ՝ 100 հազար մարդ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հարևան երկրում խաղաղապահների մասին խոսելը վաղաժամ է: