Պապոյանը նշել է` ինչ կլինի, եթե Ամուլսարը չշահագործվի
Եթե Ամուլսարը չաշխատի, իհարկե, մեր տնտեսական աճը կլինի ավելի ցածր: Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Վերջերս կնքվեց պայմանագիրը, որով Լիդիան Արմենիա ընկերությունը բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցեց ՀՀ կառավարությանը։ Մենք պատվիրել էինք բարձր կարգի աուդիտ, որը նույնպես ցույց տվեց, որ սա մի պրոյեկտ է, որն ամբողջովին իրագործելի է ու եկամտաբեր»,- ասել է Պապոյանը:
Նախարարի կարծիքով ֆինանսավորման հարցերը մոտ ապագայում կլուծվեն, և այդ պրոցեսի ավարտից հետո աշխատանքները կմեկնարկեն։
«Այնտեղ 500 մլն դոլար արդեն ներդրված է, 250 մլն-ից 100 մլն դոլարը եւս կազմակերպությունը կներդնի, այնտեղ մնում է 150 մլն դոլար, որը կֆինանսավորեն մեր ֆինանսական կազմակերպությունները։ Եվ այդ պարագայում մենք գարնանն արդեն կսկսենք շինարարական աշխատանքները, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին կսկսենք արդյունահանումը։ Դա մեր տնտեսությանը եւ արդյունաբերությանը լուրջ խթան կլինի»,- նշել է Պապոյանը։
Նա հավելել է, որ հաջորդ տարվա համար ի սկզբանե 5,6 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսվում, բայց ֆինանսների նախարարությունը մի փոքր նվազեցրել է այդ կանխատեսումը։
«Եթե Ամուլսարը չաշխատի, իհարկե, տնտեսական աճը կլինի ավելի ցածր։ Եթե աշխատի Ամուլսարը, ապա ոչ միայն այս, այլ հաջորդ տարիների համար կվերանայենք տնտեսական աճի ցուցանիշը։ Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան մեկ տոկոս լրացուցիչ կաճի, եւ մեր պետությունը լրացուցիչ 120 մլն դոլար հարկ կստանա, կստեղծվեն մեծ թվով աշխատատեղեր, համայնքները լրացուցիչ դոտացիաներ կստանան։ Եվ այս առումով Ամուլսարի աշխատելը ՀՀ համար ունի կենսական նշանակություն։ Հաջորդ տարվա համար թիրախ ենք դրել 5,5 տոկոսի շրջակայքում տնտեսական աճ ունենալ»,- եզրափակել է նա։