Ինչու է Ադրբեջանը դադարեցրել գազամատակարարումը Սերբիա
Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որը Շահ Դենիզ հանքավայրում խնդիրների պատճառով ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ ծավալով գազի մատակարարումը։ Այս մասին հայտնել Է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ինչպես ասում են, վատ լուրը հազվադեպ է մենակ գալիս, հաջորդում է երկրորդը, հետո՝ երրորդը։ Մեր ադրբեջանցի եղբայրներից և ընկերներից ծանուցում ենք ստացել, որ Շահ Դենիզ հանքավայրում անհաղթահարելի դժվարությունների պատճառով օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումն այսօրվանից դադարեցվել է: Հաղորդագրության մեջ ասվում է` վստահություն և հստակություն չկա, թե որքան ժամանակ կպահանջվի մատակարարումների վերականգնման համար: Ես սա կթարգմանեմ սերբերեն մեր ժողովրդի համար. դա նշանակում է, որ այսօրվանից մենք կսկսենք ավելի ակտիվորեն ծախսել սեփական պահուստները»,- հայտարարել է Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախագահն ընդգծել է, որ Սերբիայում էներգառեսուրսների պաշարները բավարար են ընթացիկ ձմեռը հաղթահարելու համար, սակայն հույս է հայտնել, որ ադրբեջանական մատակարարումները շուտով կվերականգնվեն:
«Մենք բավականաչափ գազ ունենք երկիրն ապահովելու համար։ Եթե, իհարկե, ինչ-որ երրորդ դժբախտություն չպատահի։ Հույս ունեմ, որ ադրբեջանցիները կկարողանան խնդիրը լուծել մեկ-երկու ամսում։ Իսկ եթե դա ձգձգվի, մենք ստիպված կլինենք առաջիկա չորս ամիսների ընթացքում ընթացիկ ծախսին ավելացնել օրական 2-3 մլն խմ գազ։ Ձմռանը սպառումը միշտ ավելի բարձր է, բայց գազի և նավթի պակաս չի լինի»,- հավաստիացրել է Վուչիչը։
2024 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո Վուչիչը խոսել էր Նիշ քաղաքի մոտ գազային էլեկտրակայանի կառուցման համատեղ ծրագրի կարևորության մասին, որը էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կապահովի։ Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչն էլ հայտարարել էր, որ Բաքվի հետ համագործակցության շնորհիվ երկրի էներգետիկ անվտանգությունը զգալիորեն ամրապնդվել է հատկապես ստեղծված անկայուն պայմաններում: