ՀԴՄ-ների կիրառման կանոնները կմեղմացվի` ի շահ բիզնեսի. նախագիծ
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Այս նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախագիծը նպատակ ունի բարելավել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար հարկային կարգավորումները և ստեղծել ավելի արդարացի պատասխանատվության համակարգ ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտումների համար։ Պապոյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը չի տարբերակում ՀԴՄ կիրառման կանոնների խախտումները՝ անկախ խախտման բնույթից կամ պետական բյուջեի վրա դրա ազդեցությունից։
Պապոյանը նշեց, որ այս փոփոխությունը հատկապես կարևոր է փոքր շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար, որոնք հաճախ չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներին՝ ճիշտ կոդավորման համար։ «Մենք առաջարկում ենք ավելի արդարացի մոդել, որը կհամապատասխանի իրական վնասին և խախտման բնույթին»,- ընդգծեց նախարարը։
Ներկայումս նույն չափի տուգանք է կիրառվում ինչպես ՀԴՄ կտրոն չտրամադրելու, այնպես էլ մանր սխալների, օրինակ, ապրանքային կոդի անճշտության համար։Նախագծով նախատեսվում է մեղմել այն պատասխանատվությունը, որը չի հանգեցնում ֆինանսական վնասի պետական բյուջեին։ Օրինակ՝ եթե ՀԴՄ կտրոնի վրա սխալ նշված է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային կոդը, սակայն կտրոնում գինը և ապրանքի անվանումը ճշգրիտ են, ապա նման դեպքերում խախտումը կպատժվի նախազգուշացմամբ, իսկ հաջորդ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 50 հազար դրամ տուգանքով։