Լեհական ռադիոկայանը հաղորդավարներին փոխարինում է արհեստական ինտելեկտով
Լեհական ռադիոկայանը հաղորդավարներին փոխարինում է արհեստական ինտելեկտով
Կրակովի ռադիոկայանը OFF Radio Krakow-ն ունկնդիրներին ներկայացրեց երեք նոր հաղորդավարների, որոնք ստեղծվել են արհեստական ինտելեկտի (AI) օգտագործմամբ՝ այն անվանելով «Լեհաստանի առաջին փորձը, որտեղ լրագրողները արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված վիրտուալ անհատականություններ են»:
Ռադիոկայանի հաղորդումներն այժմ վարում են 20-ամյա Էմիլիա «Էմի» Նովան, 22-ամյա Յակուբ «Կուբա» Զիելինսկին և 23-ամյա Ալեքսը: Յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու բնավորությունը։ Օրինակ, Էմին լրագրության ուսանող է, Կուբան սովորում է աուդիո ճարտարագիտություն, իսկ Ալեքսն արդեն հավաստագրված հոգեբան է: Երեքն էլ ստեղծվել են արհեստական բանականության կողմից՝ OFF Radio-ի լրագրողների նկարագրությունների հիման վրա:
Ռադիոյի գլխավոր խմբագիր Մարսին Պուլիտը շեշտում է, որ AI հաղորդավարները պարզապես գործիքներ են, և նրանք «իրենց գործառույթները կատարում են միայն այն պատճառով, որ իրական լրագրողներն են դրանք օգտագործում»: Նրա խոսքով, ամբողջ բովանդակությունը, որը լսվում է Էմիի, Կուբայի կամ Ալեքսի կողմից, պատրաստում են իրական լրագրողները՝ օգտագործելով արհեստական ինտելեկտը դրա համար։ Ավարտված տեքստը կրկին կրկնակի ստուգվում է իսկական լրագրողների կողմից և միայն դրանից հետո թողարկվում եթերում։ Եվ նման կերպ նյութեր են պատրաստվում ռադիոկայքի համար։
Ռադիոկայանի ղեկավարության որոշումը հակասական արձագանք է առաջացրել հասարակության մեջ, հատկապես, որ այս տարվա օգոստոսին OFF Radio-ից շուրջ մեկ տասնյակ լրագրողներ հեռացվեցին աշխատանքից։ Նրանցից մեկը՝ Մաթեուշ Դեմսկին, բաց նամակ է հրապարակել՝ բողոքելով «աշխատակիցներին արհեստական ինտելեկտով փոխարինելու» դեմ և զգուշացրել «վտանգավոր նախադեպի մասին, որը կհարվածի մեզ բոլորիս»։ Հոկտեմբերի 23-ին նամակն արդեն ստորագրել էր ավելի քան 15 հազար մարդ, ովքեր չեն ցանկանում լինել «փորձի առարկա»։ OFF Radio-ի գլխավոր խմբագիրը արձագանքել է այս պնդումներին՝ ասելով, որ լրագրողներին աշխատանքից հեռացնելը կապված է ոչ թե արհեստական ինտելեկտով նրանց փոխարինելու հետ, այլ պարզապես ասել, որ ռադիոկայանի լսարանը արդեն մոտ է զրոյի։