Երևանի տարբեր մասերում տեղադրվել են թմրանյութեր. մանրամասներ

ԻԻՀ քաղաքացին, որը տելեգրամյան հավելվածի միջոցով թմրանյութ է ձեռք բերել և տեղադրել Երևանի տարբեր մասերում, կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։


«ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 հատ թափանցիկ ժապավեն, 1 հատ զիպ փաթեթ, 8 շղթա փոքր մագնիս, 19 փաթեթ շագանակագույն բուսական զանգվածների պարունակությամբ և 20 փաթեթ բուսական զանգված»,- նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։


Քաղաքացին հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի՝ քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից:


Նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն:


«ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նախնական եզրակացությամբ հաստատվել է, որ փորձաքննությանը ներկայացված զանգվածները մարիխուանա տեսակի թմրամիջոց:


Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ապօրինի շրջանառությունը):


Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: