Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել լեհ ժողովրդից

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն օգոստոսի 1-ին նշվող Վարշավայի ապստամբության 80-ամյակի նախօրեին լեհերից ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիոնալ-սոցիալիստների գործած հանցագործությունների համար։


«Ես այսօր և այստեղ ներողություն եմ խնդրում»,- Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հարյուրավոր ներկաների, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ հիշատակի միջոցառման ժամանակ ասել է նա՝ դիմելով ապստամբության ողջ մնացած անդամներին:

«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա, թե ինչ ահռելի տառապանք ենք մենք՝ գերմանացիներս, բերել հարևան երկրին, ինչ դաժանությամբ և կործանման ինչ ցանկությամբ են գործել գերմանական օկուպանտներն ամբողջ բնակչության դեմ»,- ընդգծել է Շտայնմայերը։


Նա հավելել է, որ նացիոնալ-սոցիալիստական իմպերիալիզմը և ռասիզմը հանգեցրին «սարսափելի հանցագործությունների», որոնց դեմ էին ապստամբության մասնակիցները:


Գերմանիայի նախագահն ընդգծել է, որ անցյալից պետք է դաս քաղել ապագայի համար:


«Վարշավայի ապստամբությունը երկու երկրների հարաբերությունների պատմության ամենադաժան գլուխներից մեկն էր և դարձավ Լեհաստանի պատմության ամենահերոսական գլուխներից մեկը», - ասել է Շտայնմայերը:


Գերմանական պետության ղեկավարը «գրեթե հրաշք» է անվանել, որ լեհերն ու գերմանացիները դարձել են լավ հարևաններ։ Ճանապարհը դեպի այս կետը երկար էր, խոստովանել է Շտայնմայերը։ Նա նկատել է, որ այժմ Բեռլինը և Վարշավան պարտավորվել են «գործել ի շահ համերաշխության և խաղաղության»: