ԿԲ նախագահը՝ եկամտահարկի վերադարձի սահմանափակման մասին

Եկամտահարկի վերադարձի սահմանափակման մասին օրենքի կիրառումն այս պահին էական ռիսկեր չի առաջացնում ֆինանսական համակարգի համար: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:


Հարցին, թե արդյոք եկամտահարկի վերադարձի սահմանափակման մասին օրենքի սպասվող կիրառումն առաջացնում է բանկային ոլորտում լուրջ խնդիրների ծագման մտավախություն՝ ԿԲ նախագահը պատասխանեց. «Տնտեսագիտության տեսությունում կա այսպիսի եզրույթ. իրականացվող ինդուստրիալ, այսինքն՝ ճյուղային ուղղվածություն ունեցող տնտեսական քաղաքականությունը պետք է բացառապես ուղղված լինի շուկայում ինչ-որ անկատարության վերացմանը և կրի ժամանակավոր բնույթ: Եկամտահարկը բավականին լուրջ ազդակ էր մարդկանց և ընկերությունների համար: Բնականաբար, շուկային մատակարարած միջոցների նվազումը կարող է առաջացնել որոշակի խնդիրներ: Նշեմ, թե մենք ինչ ենք արել: Բանկերը ԿԲ-ի հետ պայմանավորվածության և կարգավորման արդյունքում 150 բազիսային կետով ավելացրեցին հակացիկլիկ բուֆերն, այսինքն` աշխատած գումարը ոչ թե բաշխեցին իրենց սեփականատերերի միջև, այլ ավելացրեցին իրենց կապիտալի պաշարը, որպեսզի ամրության որոշակի պաշար ունենան ձեր նկարագրած իրավիճակին դիմակայելու համար: Երկրորդը՝  նայեցինք հատուկ հաշիվ կոչվածին, այսինքն՝ կան արդյոք այդ հատուկ հաշիվների վրա միջոցներ, որոնք կարող են զսպել այդ պոտենցիալ ռիսկերը, երբ դրանք առաջանան: Շատ դեպքերում այդպիսիք կային: Բայց նաև առկա էր հակառակ պատկերը: Դա էլ մեր օրենսդրության անկատարությունից էր, որովհետև, ըստ էության, եթե կառուցապատողը կարողանում էր մարդու ստորագրությունը և համաձայնությունը ստանալ՝ կարողանում էր օգտագործել այդ հատուկ հաշվի վրա եղած միջոցները: Այդ տեսանկյունից մի քանի վարժություն արել ենք: Կարծում ենք, որ այս պահի դրությամբ ֆինանսական համակարգին էական ռիսկեր չեն սպառնում»: