Բելառուսում մահապատժի է դատապարտվել Գերմանիայի քաղաքացի
Բելառուսում Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերը մահապատժի է դատապարտվել։ Այս տեղեկությունը հուլիսի 19-ին հաստատել է Գերմանիայի ԱԳՆ-ն, գրում է Meduza-ն։
Դատավճիռը կայացրել է Մինսկի շրջանային դատարանը, ըստ բելառուսական Zerkalo հրատարակության, դա տեղի է ունեցել հունիսի 21-ին։ Հրատարակությունը նշում է, որ այս գործով պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել, նույնիսկ հայտնի չէ, թե ինչ արարքների մեջ է մեղադրվում Կրիգերը։
Անհասկանալի է նաև, թե արդյոք վճիռը բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել։
Ըստ «МотолькоПомоги» թելեգրամյան ալիքի՝ Կրիգերը գերմանական «Կարմիր խաչի» աշխատակից է, և նրան մեղադրել են, ի թիվս այլ բաների, ծայրահեղական կազմավորմանը մասնակցելու, շահադիտական գործունեության, գաղտնի գործունեության և ահաբեկչության մեջ։
Իրավապաշտպան «Весна» կազմակերպությունը հայտնել է, որ գործը «կապված է» Կաստուս Կալինովսկու գնդի հետ՝ բելառուսական կամավորական ստորաբաժանում, որը կռվում է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ։
Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ դեռ կիրառվում է մահապատիժ։ Վերջին տասը տարիների ընթացքում երկրում տարեկան մեկից չորս մահապատիժ է իրականացվել։
The Mirror-ը օտարերկրյա քաղաքացու մահապատիժն անվանում է «հազվագյուտ դեպք»։