Երևանում 50 տարվա պատմություն ունեցող մսուր մանկապարտեզը մոտ 2 տարի է չի վերաբացվում․ ծնողներն ահազանգում են
50 տարվա պատմություն ունեցող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկապարտեզը մոտ երկու տարի է չի վերաբացվում։ Այս մասին Auroranews-ին ահազանգել են երեխաներին հերթագրած ծնողները։
«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկապարտեզը, որը 50 տարվա պատմություն ունի կանգնել է հիմնանորոգման 2022 թվականի հուլիսի 1- ից։ Եվ շենքը պետք է հանձնվեր շահագործման 2023 թ-ի հուլիսի 1- ին։ Սակայն շինարարական աշխատանքները չեն վերջացրել մինչ օրս, ասենք ավելին՝ քանի ամիս է չեն իրականացվում շինարարական աշխատանքներ։ Մեր երեխաները մնացել են հերթագրված տվյալ պարտեզում և անորոշության մեջ։ Ներսում կահույք կա, նոր կահույք էլ են ստացել, ներկա պահին լուսամուտների ապակիները կոտրված են:
Բազմիցս դիմել ենք քաղաքապետարանի թեժ գիծ, պետական տարբեր կառույցներին, մեզ ոչ մի ստույգ պատասխան չեն տվել։ Բազմաթիվ ծնողներ շուտով պետք է անցնեն աշխատանքի և չգիտեն երեխաներին ինչ անել։ Ուրիշ պարտեզ տեղափոխելու համար նորից պետք է հերթագրվել, իսկ մինչև հերթը հասնի ամիսներ է պետք»,- մեզ հետ զրույցում ասացին ծնողները։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան, որտեղից մեզ հետ զրույցում նշեցին, որ ամեն ինչ արվելու է որպեսզի մինչև սեպտեմբերի 1-ը, գոնե, մանկապարտեզի շենքը շահագործման հանձնվի։
«Մանկապարտեզի հետ կապված նախագծային շեղում է եղել, այսինքն նախագծից շեղվելու անհրաժեշտություն է եղել, որոշակի դետալներ ավելացնելու նախագծի մեջ, և այդ նպատակով շինարարությունը որոշակի ժամանակահատվածով կանգ է առել, բայց հիմա արդեն համաձայն նոր նախագծի, այսինքն հաստատված նախագծով ու հաստատված նախագծի մեջ որոշակի փոփոխություններից հետո, որը բավական ժամանակատար գործընթաց էր, բոլոր այդ տեխնիկական հարցերը լուծվել են ու առաջիկայում կվերսկսվեն համար 95 մսուր մանկապարտեզի աշխատանքները։
Ըստ մեր գործընկերների ունեցած տեղեկատվության ամեն ինչ արվելու է որպեսզի մինչև սեպտեմբերի 1-ը, գոնե,մանկապարտեզի շենքը շահագործման հանձնվի և խնդիրը, որն արդարացիորեն բարձրաձայնում են ծնողները, առաջնահերթության կարգով երեխաներին նորից մանկապարտեզում իրենց բնականոն գործընթացը ապահովելու համար հնարավորություն տրվի։ Հաջորդիվ նաև աշխատանքներ կիրականացվեն բակային տարածքի բարեկարգման ուղղությամբ»,-ասացին քաղաքապետարանից։