Ոչ մի հոգով նիկոլական իրավունք չունի ապրիլի 24-ին բարձրանալ Ծիծեռնակաբերդ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին:


Նատալյա Եպիսկոպոսյանը հարցրել է․ «Անդրանիկ Քոչարյանն արդեն կասկածի տակ է դնում ցեղասպանությունը և զոհերի թիվը, ի՞նչ կասեք այս թեմայով»։


Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Նախ՝ ֆիքսենք երկու բան։ Առաջինը, Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ անգամ Փաշինյանի նախաձեռնությունն է։ Եվ երկրորդը, դա ոչ թե պատահական կամ սպոնտան քայլ է, այլ 2018-ից սկսած Փաշինյանի կողմից հետևողականորեն վարվող քաղաքականություն։


Իր ողջ պաշտոնավարման ընթացքում, հենց ամենասկզբից Նիկոլը քայլ առ քայլ հրաժարվում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից։ Վերցրեք և վերընթերցեք 2018-ից հետո նրա ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեաներում, Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, նրա ուղերձները Ապրիլի 24-ի կապակցությամբ։ Միակ բացառությունը 44-օրյա պատերազմն էր։


Նա քաղաքական անբարոյականության նոր նշաձող է սահմանում այս թեմայով։


Ցանկացած ժողովրդի հանդեպ իրացված ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթաց պահանջում է միջազգային լուրջ դերակատարների ներգրավում, որոնք բնական է, որ պիտի ունենան նաև սեփական շահ։ Սկզբից դա Սովետական Միությունն էր, բայց արդյոք Սովետնե՞րն էին հայ ժողովրդի ցավի և արժանապատվության տերը, կամ արդյոք Սովետները կարո՞ղ էին ցեղասպանության հետևանքով երկրագնդով սփռված հայկական գաղթօջախներում Հայոց Ցեղասպանության հարցը առաջ տանել։ Կամ ի՞նչ կապ ուներ Սովետը 1915-ին հույների և ասորիների ցեղասպանության հետ։


Նիկոլի սկանդալային դասախոսության այդ թեզերը տգետ են և բարոյազուրկ։ Հայոց ցեղասպանության հարցի ուրացումը ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանը ուղղված միջազգային մեխանիզմներին, որովհետև Հայոց ցեղասպանությունը շատ կարևոր մասնիկն էր այդ շարժման։ Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը նաև վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական գործիչների, փորձագետների, մտավորականների տասնյակ տարիների աշխատանքը։


Հոլոքոստը, Ռուանդայի և Հարավսլավիայի ցեղասպանությունները՝ բոլորն էլ ունեցել են միջազգային ասպարեզում հարցը առաջ տանող, ավելի հզոր և շահագրգիռ «սպոնսորներ»։ Իսկ Հայաստանի անկախացումից հետո Հայոց ցեղասպանությունը դարձավ միջազգային քաղաքական օրակարգի մաս և ճանաչվեց տասնյակ արևմտյան երկրների և կառույցների կողմից։


Ըստ Նիկոլի, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լեհաստանը Ստալինի խա՞թր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Բրեժնևի՞, թե՞ միանգամից Պուտինի։


Փաշինյանական նոր դավաճանությունը ունի նաև երկու ներքին նպատակներ ա․ դյուրացնել նոր Սահմանադրության ընդունումը և բ․ խորացնել Հայաստան- Սփյուռք խզումը։ Ի դեպ, երկուսն էլ թուրքական պահանջներ են։


Այսքանից հետո ոչ մի հոգով նիկոլական իրավունք չունի ապրիլի 24-ին բարձրանալ Ծիծեռնակաբերդ։ Չպղծե՜ք ձեր ներկայությամբ 1․500․000 հայ նահատակների հիշատակը»։

Քաղաքականություն

Պատահարներ