Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին

Ակնհայտ է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, միգուցե, նաև Թուրքիայի միջամտությամբ: Պատճառները շատ դժվար է գնահատել, բայց աշխարհաքաղաքական են: Թե Ադրբեջանն ի՞նչ գին է վճարում դրա համար կամ ինչպիսի՞ սպառնալիք կամ շանտաժ են կիրառել Ռուսաստանի դեմ, ինչի՞ դիմաց է ստացվել սա, դժվար է գնահատել: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի ուզել կամ լրացուցիչ կոնֆրոնտացիայի գնալ Ադրբեջանի ղեկավարության հետ, տվյալ դեպքում նաև Թուրքիայի, կամ ինչ-որ աշխարհաքաղաքական պայմանավորվածություն է եղել այլ տեղերում Ադրբեջանի կամ Թուրքիայի որոշակի վարք ապահովելու նպատակով, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերման մասին:


«Ինչ-որ բանի դիմաց է արվել: Այդ ինչ-որ բանը գործողությո՞ւն է, թե՞ անգործութուն, օրինակ, Ուկրաինայի հարցում Թուրքիայի կամ Ադրբեջանի որոշակի վա՞րք, թե՞ այլ ուղղություններում որոշակի դրական քայլեր, արդեն ընթացքում կերևա: Մի քիչ դժվար կլինի գնահատել, թե աշխարհաքաղաքական ինչ փաթեթի մաս է եղել ռուս խաղաղապահների դուրսբերումը, բայց վստահ եմ, որ պատճառները աշխարհաքաղաքական են»,-ասել է նա:


Հարցին՝ ինչու՞ է ամեն դեպքում ռուս խաղաղապահների մի մաս մնացել Արցախում, Արտակ Բեգլարյանը պատասխանել է, որ պաշտոնական որևէ հայտարարություն չի տեսել այդ մասին և քանի դեռ հայտարարություն չկա, վերապահումով է մոտենում այդ կարծիքին:


«Ավելին ասեմ, ո՞վ ասաց, որ սեպտեմբերից ի վեր հենց 1960 խաղաղապահ է եղել Արցախում: Ես կարծում եմ, որ միգուցե դեռ այն ժամանակ թիվը որոշակիորեն կրճատվել էր: Բայց հիմա պետք է հասկանանք, որ կապ չունի, թե քանի խաղաղապահ կմնա, կապ ունի՝ ընդհանրապես խաղաղապահ կմնա՞ թե՞ ոչ: Գոնե սիմվոլիկ ձևով Ռուսաստանի ներկայությունը Արցախում կլինի՞, թե՞ չի լինի: Դրանից հետո, եթե իրենք մնում են, հաջորդ հարցն այն է, թե իրենք ի՞նչ լիազորություններ են ունենալու, ի՞նչ գործառույթ են կատարելու»,-ասել է Արտակ Բեգլարյանը և հավելել՝ նախկին պայմանավորվածությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված, արդեն սեպտեմբերից ի վեր, ընդհանրապես չեն գործում:


Նրա խոսքով, ռուս խաղաղապահների գործառույթները փաստացի չեն կատարվել սեպտեմբերից․ հիմա եթե նույնիսկ խաղաղապահներ մնային, նոր փաստաթուղթ պետք է ստորագրվի՝ նրանց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները հստակեցնելու համար:


Ըստ Բեգլարյանի, ցանկալի է, որ որոշակի միջազգային ներկայություն լինի Արցախում: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ստեփանակերտի գրասենյակը դուրս է բերվել և Բարդա է տեղափոխվել: Նրա կարծիքով՝ այս երկու իրադարձությունները՝ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների դուրսբերումը նշանակում է միջազգային հանրության բոլոր տեսակի ներկայացուցիչների դուրսբերում Արցախից, և հիմա արդեն Ադրբեջանը շատ ավելի անկաշկանդ է լինելու իր հանցագործություններն անելիս։


Հարցին՝ արդյոք ռուս խաղաղապահների դուրսբերումը նշանակո՞ւմ է, որ Արցախի էջը փակվում է, Արտակ Բեգլարյանը պատասխանել է, որ դա վտանգում է արցախցիների վերադարձի հեռանկարը, բայց ինքը չի կարծում, թե դա գլխավոր գործոնն է, որ արցախցիները վերադառնան:


«Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով կամ մինչև 2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով վերադարձող լինեին, ապա դուրս չէին էլ գա, չէին տեղահանվի: Եթե արցախցիները ռուս խաղաղպահների ներկայությամբ բռնի տեղահանվել են, և Ռուսաստանը գործողություններ չի կարողացել անել կամ չի արել դա կանխելու համար, արդեն նշանակում է, որ վերադարձի համար լրացուցիչ գործոններ պետք է ավելացվեին, կամ միջազգային պաշտպանության նոր մեխանիզմներ գործարկվեին, որպեսզի Արցախի ժողովուրդը վստահություն ունենա և այնտեղ բարենպաստ անվտանգային միջավայր ունենա հավաքական վերադարձի համար»,-հավելել է Բեգլարյանը։


Քաղաքականություն

Պատահարներ