«Այդ տղան այդքան չկա». Հակոբ Ասլանյանը` հանրային տրանսպորտում իր մասնակցությամբ միջադեպի մասին

Ինքը «ծախու տրյապկա» է, ուզում էր ցույց տալ, թե այնքան դուխ ունի, որ նիկոլական պատգամավորին հայհոյում է, ճանապարհը փակում։ Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը MediaHub-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել այսօր հանրային տրանսպորտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքացիներից մեկն արգելում է իրեն իջնել տրանսպորտից՝ պատգամավորին անվանելով «հակահայ վիժվածք»։


Ըստ Հակոբ Ասլանյանի՝ տղան իր «տերերի պատվերն էր կատարում», և որ դրա համար էլ նկարում է, թե ինչ է ասում իրեն, ինչպես է դիմում։


«Այդ ամենը փողի համար է անում, ուրիշ ոչինչ։ Եթե ինձ ասելիք ուներ, կարող էր ավտոբուսից իջնել, հետևիցս գալ ու ասել այն, ինչ մտածում է։ Ինչո՞ւ էր նկարում»,- նշել է պատգամավորը։


Հարցին, թե արդյո՞ք քաշքշուկի ժամանակ չի վնասվել, Ասլանյանը պատասխանել է՝ եթե վնասվեր, ինքը պիտի վնասվեր։


Նշվում է, որ ՔՊ-ական պատգամավորը դեպքի առնչությամբ ոստիկանություն չի դիմելու։ «Այդ տղան այդքան չկա, որ ոստիկանություն դիմեմ ու ոստիկաններին իրենց կարևոր գործերից կտրեմ։ Իհարկե, ինքը շատ կուզեր, որ ոստիկանություն դիմեի, ինքն էլ հայտնի դառնար, բայց ես նման քայլ չեմ անի»,- ամփոփել է խոսքը Հակոբ Ասլանյանը։


Հավելենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է այսօր հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին և նշել. «Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»: 

Քաղաքականություն

Պատահարներ