Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված սահմանները պետք է արտահայտվեն քարտեզների վրա. Փաշինյան

Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա հիմքը երկու երկրների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման հիմքը: Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝   The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի հետ հարցազրույցում:


«Նախ պետք է արձանագրել, որ միջազգային երեք ֆորմատներում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Առաջինը տեղի է ունեցել 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես, և մենք՝ երկար քննարկումներից հետո, ընդունել ենք համատեղ հայտարարություն, որտեղ արձանագրվում է հետևյալ սկզբունքը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:


Ի՞նչ է սա նշանակում. Ալմա-Աթայի հռչակագիրը հետևյալի մասին է և այն ստորագրել են Խորհրդային միության մաս կազմած 12 հանրապետություններ: Նրանք այդ հռչակագիրը ստորագրելով՝ արձանագրել են մի քանի բան: Առաջինը՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և այդ հանրապետությունները՝ դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և սուվերենությունը: Եվ այսպիսով՝ Ալմա-Աթայի հռչակագրով, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դառնում են այլևս պետական սահման: Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են:


Եվ իհարկե, այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ ես ուզում եմ ընդգծել, Ալմա-Աթայի հռչակագիրը և հռչակագրի հետ կապված փաթեթները Հայաստանի խորհրդարանը վավերացրել է 1992թ.-ին, Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է ավելի ուշ: Ստորագրումից և վավերացումից հետո տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց այս համատեքստում շատ կարևոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, այդ բոլոր իրադարձություններից հետո, վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:


Եվ երկրորդ կարևոր կետը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա հիմքը երկու երկրների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման հիմքը: Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա:


Սա առաջին ֆունդամենտալ պայմանավորվածությունն է: Դրանից հետո՝ հոկտեմբերի 30-ին, ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ եռակողմ հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը և հայտարարում են, որ հրաժարվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, և բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով: Այս պայմանավորվածությունն է նաև հիմք դարձել՝ երրորդ ֆունդամենտալ սկզբունքի ձևավորման և ձևակերպման, որը նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակումը և միմյանց համար ճանապարհների բացումը տեղի կունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման շրջանակներում, և այդ սկզբունքն էլ՝ նախորդ երկու սկզբունքների հետ, արձանագրվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքում: Ընդ որում՝ բոլոր, ինչի մասին ասում եմ, խոսքը հրապարակային փաստաթղթերին է վերաբերում:


Ի՞նչ կապ ունի այս ամեն ինչը Ձեր հարցի հետ: Իսկ կապը հետևյալն է, որ ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են և նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք, ի վերջո, վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ֆորմատներով բանակցություններին, որից հետո նշանակվեցին Ադրբեջանում նախագահական ընտրություններ: Եվ, ըստ էության, մենք այս կետի վրա ենք և ենթադրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախկինում, ունի այդ քաղաքական կամքը՝ գնալու մեր տարածաշրջանում կոնկրետ խաղաղության և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ վերը նշված պայմանավորվածությունների հիման վրա»,– ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն