ՀՀ ղեկավարության հետ քննարկման թեմաներից է լինելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը․ Էստոնիայի ԱԳՆ

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին, եթե սկսվեն ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում։


Նրա խոսքով՝ տարածաշրջանում ԵՄ ընդլայնման հիմնական ուղերձը կապված է Վրաստանի հետ։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունը կկարողանա ընդունել այս որոշումը։


«Դա հեշտ չէ, բայց Էստոնիան պատրաստ է աջակցել այդ ընդլայնման գործընթացներին»,- նշել է նա։


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի ղեկավարության հետ նրա քննարկման թեմաներից մեկը լինելու է ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի ազատականացումը։ Ցահքնան հույս է հայտնել, որ հաջորդ տարի կողմերին այս հարցում կհաջողվի անցնել հաջորդ փուլ։


«Թեմաներից մեկն է նաև պատրաստ լինել ԵՄ-ին միանալու քայլերի վրա աշխատել: Մի քանի տասնամյակ շարունակ աշխատել ենք սրա վրա, և աջակցելու ենք վերապատրաստել ձեր աշխատակազմին, սատարելու ենք այս գործընթացներին ավելի գործնական դաշտում»,- նշել է Ցահքնան։


Էստոնիայի ԱԳ նախարարը նաև խոստանում է երկրի խորհրդարանում սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց:


«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Հայաստանի նկատմամբ Էստոնիայի պարտքն է, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը, և ես գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,-նշել է Էստոնիայի ատգործնախարարը:


Քաղաքականություն