
Ֆրանսիան հայտնաբերել է ադրբեջանցի կին լրտեսների՝ ՊՆ նախարարի այցի ժամանակ

Ադրբեջանցի երկու կանայք, որոնք ներկայացել են որպես լրագրողներ, հայտնաբերվել են ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից Նոր Կալեդոնիա ժամանելուն պես՝ ֆրանսիացի ՊՆ նախարարի այցը «լուսաբանելու» համար: Այս մասին հայտնում է Europe 1 լրատվամիջոցը։
Նրանցից մեկը մասնակցել է անկախության համար պայքարող Կալեդոնյան միության կազմակերպած ցույցին։ Նա նաև հոդվածներ է գրել ադրբեջանական պետական լրատվական գործակալության համար՝ «հակաֆրանսիական կողմնակալությամբ»: Երկրորդ կնոջը ուղարկել են քննչական մեկուսարան՝ վիզայի բացակայության պատճառով, իսկ հետո վերադարձրել են Սինգապուրի տարանցիկ երկիր։
Վերոնշյալ կանայք Փարիզի հատուկ ցուցակում էին՝ ադրբեջանական հետախուզական ծառայությունների հետ մտերիմ լինելու համար։
Լրատվամիջոցը նշում է՝ Ֆրանսիան Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության արշավի թիրախում է։
Սա ապակայունացման հերթական փորձն է, որը բացահայտել է ֆրանսիական հետախուզությունը։ Մեկ ամիս առաջ Viginum գործակալությունը, որը զբաղվում է օտարերկրյա թվային միջամտության դեմ պայքարով, սոցիալական ցանցերում մատնանշել էր Ադրբեջանի դերը, որն ուղղված էր Ֆրանսիայի հեղինակության խաթարմանը՝ կապված հաջորդ ամռանը Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորության հետ: Այս ստվերային պատերազմի նոր փուլը Փարիզի և Բաքվի միջև տեղի ունեցավ անցյալ շաբաթ զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուի Նումեա կատարած այցի ժամանակ, որը մտադիր էր ակտիվացնել տարածաշրջանում Ֆրանսիայի պաշտպանության ռազմավարությունը:
«Վերջին ամիսներին Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական լարվածությունը կտրուկ աճել է։ Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Հայաստանում «էթնիկ զտումների» մեջ։ Բացի այդ, նա Երևան է տեղափոխել 24 «բաստիոն» զրահամեքենա։ Եվս 26 նման զրահատեխնիկա գտնվում է արտադրության փուլում, ինչն ակնհայտորեն Ադրբեջանի ճաշակով չէ»,- գրում է պարբերականը։
Ամսագիրը գրում է, որ ըստ իրազեկ աղբյուրի, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև ստեղծված լարվածությունը պետք է կրկին սրվի առաջիկա օրերին, որովհետև ամիսներ շարունակ փակուղային իրավիճակից հետո Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։