Պետական և համայնքային հարկերը բյուջե չվճարելու դեպքում նախատեսված 20 հազար դրամ տուգանքը կհանվի. նախագիծ
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.3-րդ հոդվածով սահմանված է, որ պետական և համայնքային հարկերը բյուջե չվճարելու համար սահմանված է պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: Նախագծով նախատեսվում է օրենսգրքի 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել` հաշվի առնելով վերջինիս կիրառման անարդյունավետությունը. այս մասին նտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հաջորդ փոփոխությունը վերաբերում է օրենսգրքի 302-րդ հոդվածին, որով ասվում է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել գործող խմբագրմամբ կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում: Հստակություն և օրենքների միջև համապատասխանություն սահմանելու համար առաջարկվում է «կայացման օրվանից» արտահայտությունը փոխարինել «ամբողջակի դառնալու օրվանից» արտահայտությամբ:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով սահմանված են որոշակի վարչական պատասխանատվության տեսակներ, որոնք պետք է քննի հարկային մարմինը: Դրանց մասով վարույթներն այլևս կիրականացվեն էլեկտրոնային եղանակով: «Դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, սակայն այդ ժամկետն իրատեսական չէ, ուստի առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք դրույթն ուժի մեջ մտցնել 2024 թվականի փետրվարի 1-ից»,- ասել է Արթուր Մանուկյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է՝ որոշումը հօգուտ տնտեսվարողների՞ է, նախագծով տնտեսվարողների համար նախատեսված 20.000 դրամ վարչական տո՞ւյժն է վերացվում:
«Այո՛, տնտեսվարողների համար հանում ենք 20.000 դրամ տուգանք վճարելու պարտավորությունը, քանի որ, միևնույն է, դրա համար ֆինանսական պատասխանատվություն սահմանված է: Բազմաթիվ վարչական վարույթներ են կազմվում, սակայն արդյունքում պարզվում է, որ մեղավորություն չկա, ու դրա բացակայության պատճառով տուգանքը կա՛մ չի կիրառվում, կա՛մ կիրառվում է նվազագույն չափով»,- հարցին ի պատասխան ասել է Արթուր Մանուկյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին: