Դատարանի մոտ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կրակոցներ հնչեցրած Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով հարուցվել է սպանության փորձի վերաբերյալ քրեական վարույթ։ Այժմ մեղադրանքն ավելացել է. քաղաքացուն մեղադրում են նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի առարկաների ապօրինի շրջանառության մեջ։

 

ՔԿ–ից հայտնում են, որ 40-ամյա բնակիչը Ռ.Փ.–ն է, որն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին ու խոստովանական ցուցմունք տվել, իսկ տուժողը Ս.Վ.–ն է։

 

«Երևանի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.–ն, դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի ակոսափող հրազեն և 8 փամփուշտ։ Նա տեղեկացել է, որ Ս.Վ.–ն այդ օրը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում պետք է լինի ու գնացել է այնտեղ։ Երբ Ս.Վ.–ն դուրս է եկել դատարանից, Ռ.Փ.–ն 4 անգամ կրակել է, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի իրագործվել»,– ասված է հաղորդագրությունում։

Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Հիշեցնենք, որ Երևանի 40-ամյա բնակիչը ձերբակալվել էր դատարանի մոտ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

 

Քաղաքականություն