
Քաղաքապետարանը` թիվ 71 մանկապարտեզի քանդվելու մասին

Երեկ համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նոր բարեկարգված թիվ 71 մանկապարտեզը քանդվում է:
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել.
«Անձրև է գալիս, տեսեք քաղաքապետարանի կողմից բարեկարգված մակապարտեզի տեսքը. պատերը թրջված են, անձրևաջրերը հոսում են պատերով: Մոտավոր 2 տարի հետո այն կունենա հին՝ 30 տարեկան պարտեզի տեսք»:
Auroranews-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ թիվ 71 մանկապարտեզն ավարտական ակտ (շահագործման թույլտվություն) դեռ չունի:
«71 մանկապարտեզն ավարտական ակտ դեռ չունի: Կա վերահսկող կառույց, որը պետք է իրականացնի տեխնիկական վերահսկման աշխատանքները: Վերջինս քաղաքապետարանին ենթակա կառույց չէ, հսկողի թույլտվությունը ստացել է մրցույթով: Այդ կառույցը պետք է վերջնական ստուգի, մենք էլ` նրանց տված եզրակացության հիման վրա ավարտական ակտ տրամադրենք, այդ գործողությունները դեռ արված չեն: Եթե տեխնիկական հսկողը հասկանա, որ այնտեղ խնդիր կա, շինարարական աշխատանքներ կատարողները պարտավոր են այդ թերությունները վերացնել»,-նշեցին Երևանի քաղաքապետարանից: