Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հրաժարականից առաջ ԱՄՆ–ի հետ դիվանագիտական սկանդալ է եղել. The Times

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսը դիվանագիտական ​​վեճ է հրահրել ԱՄՆ-ի հետ՝ իր հրաժարականից անմիջապես առաջ՝ փորձելով չեղարկել 2,3 միլիարդ ֆունտ արժողությամբ 14 ամերիկյան Chinook H-47 ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը։ Այս մասին աղբյուրներին հղումով գրում է The Sunday Times-ը։ 

Պայմանագրի համաձայն՝ Boeing-ի արտադրած ուղղաթիռների մատակարարումները պետք է սկսվեն 2026 թվականին։ Պենտագոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիային մեքենաներն անհրաժեշտ են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ համատեղ գործողություններին մասնակցելու համար։ Սակայն, ըստ լրատվամիջոցի զրուցակիցների, վերջին շաբաթներին Բեն Ուոլեսը կասկածներ է հայտնել գործարքի վերաբերյալ՝ առաջարկելով չեղարկել այն՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեի վրա ճնշումը նվազեցնելու համար։ 

The Times-ի աղբյուրների համաձայն՝ օգոստոսի 10-ին նա նամակ է ուղարկել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին, որում հայտնել է ուղղաթիռների գնման պայմանագիրը վերանայելու Լոնդոնի ծրագրերի մասին։ Ի պատասխան՝ ԱՄՆ իշխանությունները ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերեն Փիրսի միջոցով Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին հաղորդագրություն են փոխանցել, որ համաձայնագրի դադարեցումը «վատ գաղափար է»։ Բրիտանացի պաշտոնյաները հավաստիացրել են ամերիկացի գործընկերներին, որ հարցը կլուծվի, երբ Ուոլեսը հեռանա պաշտոնից:

Բրիտանական կառավարության որոշ անդամներ կարծում են, որ Ուոլեսն իր գործողություններով ցանկանում է նյարդայնացնել ամերիկացիներին այն բանի համար, որ ԱՄՆ նախագահը չի պաշտպանում իր թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Սակայն նախարարի մերձավորները հերքում են այս իրադարձությունների միջև կապը։ Ուոլեսը նախկինում դեմ էր արտահայտվել թանկարժեք պայմանագրին։ Մեծ Բրիտանիան արդեն ունի 60 ամերիկյան Chinook, և նրա տրանսպորտային ինքնաթիռների նավատորմը համարվում է ամենամեծը ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների թվում: 

Բեն Ուոլեսը Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հուլիսից։ Նա առանցքային դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես բրիտանական իշխանությունները արձագանքեցին ռուսական զորքերի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժմանը: Մասնավորապես, Միացյալ Թագավորությունն առաջին արեւմտյան երկիրն էր, որը Ուկրաինային մատակարարեց «Storm Shadow» թեւավոր հրթիռներ՝ ավելի քան 250 կիլոմետր հեռահարությամբ: Ուոլեսը հրաժարական տվեց 2023 թվականի օգոստոսի 31-ին։

Պատահարներ