
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը Քադաֆիի դեմ մահափորձի ժամանակ մարդատար ինքնաթիռ են խոցել. Իտալիայի նախկին վարչապետ

Իտալիայի նախկին վարչապետ Ջուլիանո Ամատոն Հռոմի La Repubblica թերթին ասել է, որ ֆրանսիական օդուժի հրթիռը 1980 թվականին Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիի դեմ մահափորձի անհաջող փորձի ժամանակ պատահաբար Միջերկրական ծովում խոցել է մարդատար ինքնաթիռը։
Ընդ որում, Ամատոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է կա՛մ հերքել, կա՛մ հաստատել իր պնդումը 1980 թվականի հունիսի 27-ին ավիավթարի պատճառների մասին, որի հետևանքով զոհվել են Իտալիայի ներքին չվերթի բոլոր 81 մարդիկ:
Ամատոն ասել է, որ համոզված է, որ Ֆրանսիան խոցել է ինքնաթիռը՝ թիրախավորելով լիբիական ռազմական ինքնաթիռը:
Նրա խոսքով՝ Իտալիան զգուշացրել է Քադաֆիին, և այդ պատճառով Հարավսլավիայի հանդիպումից Տրիպոլի վերադարձող առաջնորդը չի նստել լիբիական ռազմական ինքնաթիռ։
Ինքնաթիռի վթարի պատճառը ժամանակակից Իտալիայի ամենահին առեղծվածներից մեկն է: Ոմանք ասում են, որ Բոլոնիայից Սիցիլիա թռչող Itavia ինքնաթիռում ռումբ է պայթել, իսկ մյուսներն ասում են, որ տարիներ անց ծովի հատակից հայտնաբերված բեկորների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն խոցվել է հրթիռով:
Ավիավթարից հետո Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հերքեցին այդ գիշեր երկնքում որևէ ռազմական գործողություն:
Ենթադրվում է, որ հրթիռը արձակվել է ֆրանսիական կործանիչի կողմից, որն օդ է բարձրացել ավիակիրից, հավանաբար Կորսիկայի հարավային ափերի մոտ, ասել է Ամատոն:
Ամատոն, ով 85 տարեկան է, ասաց, որ 2000 թվականին, երբ ինքը վարչապետ էր, նամակ է գրել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահներին, համապատասխանաբար, Բիլ Քլինթոնին և Ժակ Շիրակին, որպեսզի նրանք լույս սփռեն կատարվածի վրա: Բայց, ի վերջո, այս խնդրանքները «լիակատար լռության» են հանգեցրել։