Ուզում էին գործ բացել, բայց Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ չկան. Աբրահամյան

Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ չկան: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

 

Աբրահամյանը նշում է, որ Հայաստան յուրաքանչյուր այցի ընթացքում իր հետ խոշոր գործարարներ են գալիս տարբեր երկրներից։ Այս անգամ եկել են Գերմանիայից, Իրանից, Շվեյցարիայից։

 

«Նախորդ անգամ եկել էր ԱՄՆ–ի խոշորագույն ապահովագրական ընկերության ղեկավարը։ Արդեն երկու անգամ եկել են, այստեղ ուզում էին գործ բացել, բայց դուք չեք կարող պատկերացնել, թե որքան շատ խնդիրներ կան Հայաստանում։ Այստեղ ներդրումների համար բարենպաստ պայմաններ չկան, ես՝ որպես գործարար, ասում եմ։ 400 պատճառ կարող եմ նշել, բայց չեմ ասի», - ասել է Աբրահամյանը։

 

ՌԴ–ի հայերի միության նախագահի կարծիքով` հայկական սփյուռքի հետ կապը վերջին 5 տարում խզվել է, և խոսքը միայն ՌԴ–ում ապրող հայերի մասին չէ, այլ ողջ աշխարհի։ 

 

«Վերջին 5 տարում սփյուռքը բաժանվել է, քայքայվել, յուրաքանչյուրը միայն իր կարծիքն է հայտնում։ Սփյուռքի հետ կապը խզվել է, Հայաստանը զրկվել է մի հզոր ուժից։ Այս ընթացքում ՌԴ–ում մոտ 400 ազգային կազմակերպություն է բացվել, որոնք շատ արագ փակվել են։ Այդ կազմակերպությունների սեփականատերերը բացվելուց առաջ մտածել են, թե առանց աշխատելու կարող են ամեն ինչ անել, բայց սխալվել են։ Իրենց կարճատև գործունեության ընթացքում վատ առումով ՌԴ–ի հայերի միությանն էլ են անդրադարձել, մտածել են, թե դրանով իրենք կկարողանան ավելին անել, առաջ գնալ, բայց դա մեզ վրա վատ ազդեցություն չի ունեցել»,– նշել է նա։

 

Աբրահամյանի խոսքով` սփյուռքում խնդիրը նաև նրանում է, որ շատերը միմյանց մասին վատն են խոսում, փորձում են դիմացինին` նրան, ով աշխատում է, արժեզրկել։ Նրա պնդմամբ` շատերը մտածում են, որ սոցհարթակներում կամ իրական կյանքում իրար հայհոյելով ու փնովելով` Ադրբեջանը դուրս կգա Հայաստանից, Արցախն էլ կանկախանա։

 

 

 

Քաղաքականություն