ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 ԱԹՍ–ով հարձակում Մոսկվայի օբյեկտների վրա․ մեկը հարվածել է «Մոսկվա սիթի» շենքին․ ՌԴ ՊՆ

Գիշերը Կիևը երեք ԱԹՍ-ներով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա, երկուսը խոցվել են ՀՕՊ-ի կողմից, մեկը ճնշվել է ՌԷՊ միջոցներով. տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

«Օգոստոսի 23-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են Մոսկվա քաղաքի ուղղությամբ ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու` Կիևի ռեժիմի հերթական փորձը։ Մայրաքաղաքի վրա հարձակված ԱԹՍ-ներից երկուսը ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով՝ Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկինսկի շրջանների օդային տարածքում»,-հաղորդել են գերատեսչությունից։

 

ՌԴ ՊՆ-ում հստակեցրել են, որ երրորդ ԱԹՍ-ն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կորցնելով կառավարումը` բախվել «Մոսկվա սիթի» համալիրի կառուցվող շենքին։

 

«Մոսկվա Սիթի»-ի տարածքում պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո ծուխ է նկատվել։ Արդյունքում պարզվել է, որ պատճառը երրորդ անօդաչուի ընկնելն է եղել, ինչի հետևանքով վնասվել է «Մոսկվա Սիթի»-ի նոր կառուցվող աշտարակներից մեկն ու դրա դիմաց գտնվող բնակելի տունը։

 

Հաղորդվում է, որ վնասվել են աշտարակի ապակիներն ու երևում են կրակի ու պայթյունի հետքեր 10-րդ հարկից վերև ընկած հատվածում։ Ինչ վերաբերում է բնակելի շինությանը, ապա այնտեղ վնասվել են միայն երկրորդ հարկի պատուհանները։

 

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները:

 

«Քաղաքային արտակարգ ծառայությունները զննում են տարածքը համալիրի պարագծով՝ հարվածի հետևանքները պարզելու համար։ Երկու հարակից հինգհարկանի շենքերում մի քանի պատուհան է կոտրվել»,-իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ