Սմբատյանների գործով անցնող գործարարը ևս կալանավորվել է

Նախկին դեսպան Արմեն Սմբատյանի ու որդու՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գործով անցնող գործարար Ա․Պ․–ն երկու ամսով կալանավորվել է․ այս մասին հայտնում է  ՀՀ գլխավոր դատախազությունը։

 

Նշենք, որ օրերս դատախազությունից հայտնել էին, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ։

 

Հայտնի է, որ Ա․Պ․–ն գործարար Արման Պետրոսյանն է։

 

Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Քաղաքականություն