ՆԱՏՕ-ն Վիլնյուսում կհաստատի դաշինքի պաշտպանական նոր ծրագրերը
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում կհաստատեն դաշինքի պաշտպանական նոր ծրագրերը։ Չորեքշաբթի Digi24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն։
«Առաջնորդները կհաստատեն ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագերի նոր սերունդը՝ ամենամեծ փոփոխությունը վերջին 40 տարվա ընթացքում», - ТАСС-ի հաղորդմամբ հայտնել է նա։
«Ուժային նոր կառուցվածք, ավելի բարձր պատրաստվածության ուժեր, նոր հրամանատարություններ, նոր հնարավորություններ պաշտպանական արդյունաբերության մեջ, պաշտպանության ու զսպման նոր փիլիսոփայություն»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարներից տարիներ կպահանջվեն՝ զորքերը նախապատրաստելու պաշտպանության և զսպման նոր ծրագրերին։
«Դա ժամանակ կպահանջի: Անմիջապես փոփոխության հասնել հնարավոր չի լինի: Առաջադրանքն ավարտելու համար մեզ շատ տարիներ կպահանջվեն: ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պետք է կատարի աշխատանքը», - մեջբերում է նրա խոսքերը EFE գործակալությունը:
Միաժամանակ, Բաուերը վստահեցրել է, որ նոր ծրագրերը նույնիսկ մինչև դրանց ավարտը կօգնեն դաշինքին առավել արդյունավետ դիմակայել տարբեր սպառնալիքների։
Բաուերի խոսքով՝ ակնկալվում է, որ պլանները հավանության կարժանանան Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի մասնակիցների կողմից։
Ակնկալվում է, որ նոր ծրագրերը կապահովեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլիին լրացուցիչ ցամաքային ուժերի, ինքնաթիռների և նավերի տրամադրում: