Ադրբեջանին կոչ է արվել հետաքննել լրագրողների նկատմամբ բռնության վերջին դեպքերը

Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել հետաքննել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության բռնությունները։

 

«Հունիսի 22-ից ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է, ծեծի ենթարկել, սպառնացել կամ այլ կերպ խոչընդոտել է Սոյուդլու գյուղում բնապահպանական ցույցերը լուսաբանող առնվազն վեց լրագրողի աշխատանքը»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:

 

Լրատվամիջոցների տվյալներով՝ հունիսի 20-ին Սոյուդլու գյուղում տեղի ոսկու հանքի դեմ բողոքի ցույցերից հետո ոստիկանությունը հունիսի 22-ից սահմանափակել է մուտքը գյուղ՝ թույլ տալով այնտեղ մտնել միայն տեղի բնակիչներին և իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

 

Այլ ճանապարհով գյուղ թափանցած լրագրողներից ադրբեջանական ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ պահանջել է վերացնել հեռախոսով արված տեսագրությունները, սպառնացել հաշվեհարդար տեսնել նրանց ընտանիքի անդամների և բարեկամների նկատմամբ:

 

«Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը, Բաքվի քաղաքային ոստիկանությանը և Յասամալի, Բինագադինի և Նասիմի շրջանի ոստիկանության բաժիններին ուղղված նամակների պատասխանները չի ստացել»,- նշվում է հայտարարության մեջ:

Քաղաքականություն