
Virgin Galactic-ն առաջին կոմերցիոն թռիչքն է իրականացրել դեպի տիեզերք

Virgin Galactic-ի ենթաօրբիտալ տիեզերանավն իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը։ Առաքելությանը, որը անվանվել է Galactic 01, մասնակցել են Իտալիայի ռազմաօդային ուժերի գնդապետ Վալտեր Վիլդեյը և փոխգնդապետ Անջելո Լանդոլֆին, իտալական ազգային հետազոտական խորհրդի ինժեներ և Virgin Galactic-ի օդաչու Պանտալեոնե Կարլուչին: Առաքելության ընթացքում նրանք մտադիր են մի շարք գիտափորձեր և դիտարկումներ անցկացնել, գրում է Kommersant-ը։
VSS Unity նավն օդ է բարձրացել Նյու Մեքսիկոյի Spaceport America-ից տեղական ժամանակով 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին): 15 կմ բարձրության վրա նավը պետք է անջատվի փոխադրող ինքնաթիռից և ինքնուրույն շարունակի թռիչքը։ VSS Unity-ն կարող է բարձրանալ Երկրից 80-100 կմ բարձրության վրա՝ մինչև այսպես կոչված Կարմանի գիծը, որը համարվում է երկրագնդի մթնոլորտի և տիեզերքի սահմանը։ Ենթադրվում է, որ կոմերցիոն թռիչքներ կիրականացվեն մինչև 80 կմ բարձրության վրա։
Մայիսին Virgin Galactic-ը 2021 թվականից ի վեր առաջին անգամ արձակեց VSS Unity կառավարվող ենթաօրբիտալ տիեզերանավը: Սա այս նավի թվով վեցերորդ թռիչքն էր, 2021 թվականի հուլիսին թռիչք կատարվեց ընկերության հիմնադիր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի մասնակցությամբ։
Ընկերությունն ակնկալում է ամսական մեկ գործարկում: Virgin Galactic-ն արդեն վաճառել է ավելի քան 800 տոմս, այժմ դրանք արժեն $450,000։Հաջորդ մեկնարկը նախատեսված է օգոստոսի սկզբին։
Ապրիլին Բրենսոնի մյուս տիեզերական ընկերությունը՝ Virgin Orbit-ը, սնանկության դիմում ներկայացրեց: Թեև Virgin Galactic-ն ի սկզբանե ստեղծվել էր դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքների համար, Virgin Orbit-ը մասնագիտացած էր արբանյակներ ուղեծիր արձակելու մեջ: