Այս տարի արդեն Երևանում մեզ հայտնի «ԳԱԶել»-ները չենք ունենա. Փաշինյան

Երևանի քաղաքապետարանը 150-ի փոխարեն 180 ավտոբուս ձեռք կբերի։ Այդ մասին այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Նախկինում պայմանագրի շրջանակներում մենք 150 հատ ավտոբուս էինք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանը, մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի ուղղությամբ և կապալառուների հետ, և հիմա, առանց գնային փոփոխությունների, հատկացվող գումարի փոփոխությունների, 150 հատ ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ ևս 30 ավտոբուս է գումարվում այդ նույն որոշման շրջանակներում»,- ասել է  Փաշինյանը:

 

Նա նաև հիշեցրեց, որ ՔՊ-ն դեռ 2017-ին խոստացել էր, որ պետք է Երևանը ազատեն «հուսահատության գազելներից» և «մահվան վերելակներից»:

 

«Այսօր դա ամբողջությամբ իրականացված չէ, բայց գործն արվում է շատ մեծ տեմպերով, և եթե չեմ սխալվում, այս տարի արդեն Երևանի երթուղային, տրանսպորտային ցանցում մեզ հայտնի «ԳԱԶԵԼ»-ները չենք ունենա, և փոխարինված կլինեն բոլորովին նոր ավտոբուսային պարկով»,- ասել է Փաշինյանը:

 

ՏԿԵ նախարարն իր հերթին նշեց, որ մոտենում են Երևանի տրանսպորտային համակարգի համար առանցքային որոշումներ կայացնելու փուլին, իսկ դրա համար պետք էր նախապատրաստվել: 

 

«Այս ամբողջ պարկը պետք էր ունենալ, որպեսզի մենք կարողանայինք և՛ ամբողջ ցանցը վերանայել, և՛ տոմսային համակարգը և այլն, և այլն: Եվ պետք է փաստել, որ դա արվում է»,- նշել նա:

 

 

Քաղաքականություն