
Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.
«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են օրեր առաջ Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մի շարք հանգամանքներ:
2023թ. հունիսի 19-ին՝ ժամը 21:40-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել` Գորիս քաղաքի բնակչի՝ աջ դաստակի շրջանի ափային մակերեսի վնասվածքով հիվանդանոց ընդունվելու մասին:
Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող, 46-ամյա համաքաղաքացու հետ։ Վերջինիս եղբոր որդին, դրանք տրամադրելու նպատակով, զանգահարել է Տիգրան Խաչատրյանին և, դիմելաձևի հետ կապված՝ նրանց միջև առաջացել է լեզվակռիվ, որը մնացել է անավարտ:
Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ․Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից: